Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև Հայաստանի տարբեր անկյուններից, հատկապես մայրաքաղաքից Ամանորի տոներին հոսքը մեծ է Գյումրի․ հյուրանոցներում ու հյուրատներում համարյա ազատ տեղեր չկան, այդուհանդերձ նախորդ տարիների հետ համեմատ՝ հանրապետության երկրորդ քաղաքում զբոսաշրջության վիճակն ավելի վատ է։
Բանն այն է, որ Գյումրիի հանդեպ հետաքրքրությունը, ըստ մեր զրուցակցի, ընդամենը երկու օր է, ոչ ավելին։ Սուրբ Ծննդյան տոնից հետո քաղաքն այսպես ասած դատարկվում է, մնում են գյումրեցիներով, ու սպասարկման ոլորտը հայտնվում է վատ վիճակում։
Կարեն Հարությունյանի ասելով` Գյումրու զբոսաշրջության զարգացման տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ժամանցային միջոցառումների պակասով կամ բացակայությամբ:
Ըստ մեր զրուցակցի` այս տարի քաղաքում ամանորյա ոչ մի մեծ միջոցառում չի կազմակերպվել, որը զբոսաշրջիկների թիվն կավելացներ։
Կարդացեք նաև
«Սա նշանակում է, որ Գյումրի ժամանող հյուրերի համար հետաքրքրություն չկա քաղաքում. ավելի հստակ հետաքրքրություն կա մեկ, լավագույն դեպքում երկու օրվա համար։
Հյուրերը երկրորդ օրվանից ձանձրանում են, որովհետև հնարավոր չէ անընդհատ գնալ այս կամ այն ռեստորան կամ սրճարան. ավելի հետաքրքիր միջավայր է պետք՝ բացի ռեստորան-սրճարաններից:
Նախորդ տարի Ամանորին ավելի ակտիվ էին թե՛ տեղի բնակիչները, և՛ թե քաղաք ժամանող հյուրերը։ Տեղյակ եմ, որ հյուրերի մեջ անգամ ներդրողներ են եղել, որոնք ցանկացել են բիզնես հիմնել կամ դպրոցներ բացել, սակայն այսօր բավական ծրագրեր չեղարկվել են. Գյումրին, միշտ լինելով հետաքրքրություն ներկայացնող քաղաքներից մեկը, սկսել է նորից կաղել»,-ասում է Կարեն Հարությունյանը:
Մեր զրուցակիցը նաև նշում է, որ հարևան Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, որ Թբիլիսիի հյուրանոցներում առանց նախազգուշացման ամրագումները չեղարկում են։ Սա ևս առիթ է դառնում, որ մարդիկ հյուրընկալվեն Հայաստանի տարբեր վայրերում, այդ թվում Գյումրիում, ուստի պետք էր տոնական ծրագրերով գրավչություն առաջացնել:
Կարեն Հարությունյանի դիտարկմամբ՝ իրականությունն այն է, որ նախատոնական տրամադրության հանրապետության երկրորդ քաղաքում գրեթե չկա:
Նա մատնանշում է նաև Գյումրու փողոցների աղքատիկ զարդարանքը, որն անմիջականորեն ազդում է զբոսաշրջության վրա։
«Ճիշտ է՝ Գյումրին ունեցավ տոնածառ, բայց միայն տոնածառ տեղադրելով չեն ստեղծվում նախատոնական ու տոնական տրամադրություններ, փողոցներն են բավական տխուր, զբոսաշրջիկի համար տոնական տրամադրություն չկա, իսկ սա շատ կարևոր է քաղաք ժամանող այցելուների համար: Եվ հետո տոնածառի կողքին պիտի կազմակերպվեր ամենահասարակը՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառը, տաղավարներ պիտի տեղադրվեին։
Սա կարևոր էր, որ մարդիկ տներից դուրս գային, տոնական տրամադրության մեջ մտնեին», -ասում է Կարեն Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ