Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, որը 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվել և արտահանձնվել էր Ադրբեջանին՝ Արցախ այցելելու մեղադրանքով, հետո դատապարտվել 3 տարվա ազատազրկման, ու ազատ արձակվել համաներմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես վաղուց եմ նկատել, որ թանկարժեք ապրանքանիշերի մեքենաների, բջջային հեռախոսների և ժամացույցների լավագույն գիտակը մարդիկ են, ովքեր չունեն վերոնշյալներից որևէ մեկը: Բայց այս չքավորներն այնքան ցուցամոլ են, որ ծիծաղելի է դառնում։
Բրիտանացի հայտնի երգիչ և երաժիշտ Փոլ Մաքքարթնին Լոնդոնից Լիվերպուլ է մեկնում սովորական գնացքով՝ առանց անվտանգության և ուղեկցորդի։ Սըր Փոլ Մաքքարթնիի կարողությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար: Միայն 2024 թվականին Մաքքարթնին իր ստեղծագործությունների վաճառքից մոտ 50 միլիոն դոլար շահույթ է ստացել։
Բայց Մաքքարթնին ադրբեջանցիների համեմատ սովորական ձախողակ է։ Երեկ ինձ գրեց մի բոլորին անհայտ ադրբեջանցի՝ Ռաշիդ Մուխտարովը… Ադրբեջանցին ավելի լավ բան չկարողացավ գտնել, քան պարծենալ, թե ինքը «Մայբախում է նստած», իսկ մուրացկան Լապշինը գումար է հավաքում իրավապաշտպան գործունեության համար։
Սա ինձ հիշեցրեց մի զվարճալի իրական պատմություն՝ հենց ադրբեջանցիների մասին: Դեպքը տեղի էր ունեցել Իսրայելում, Բեն Գուրիոն օդանավակայանում: Չվերթը ժամանել էր Բաքվից, մաքսատուն, անձնագրային հսկողություն… Բոլոր մարդիկ հանգիստ պատասխանում էին հարցերին և առաջ շարժվում։ Միայն մի ադրբեջանցի «Որքա՞ն գումար ունեք ձեզ հետ» ստանդարտ հարցին ի պատասխան, չգիտես ինչու, որոշեց մաքսավորի առաջ պարծենալ. «Այո, իմ դրամապանակում ավելի շատ փող կա, քան դու կվաստակես մեկ տարում»։
Կարդացեք նաև
Դրանից հետո ադրբեջանցուն ուղարկեցին լրացուցիչ ստուգման, և նրա մոտ հայտնաբերեցին մոտ 100 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ադամանդներով շղթա։ Շղթան առգրավեցին, ադրբեջանցուն ձերբակալեցին ու հետ ուղարկեցին Բաքու: Մարդը սրտանց «հանգստացավ» Սուրբ հողում»: