Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ծանրամարտիկների թիվն աճել է մոտ 26.45%-ով։ Այս թիվը, սակայն, դեռ հեռու է այն ցուցանիշներից, որ Հայաստանն ունեցել է 1990-ականների վերջում, երբ ծանրամարտիկները նորանկախ երկրին բերեցին առաջին մեդալները միջազգային մրցասպարեզից։
Ծանրամարտը՝ որպես առանձին մարզաձև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1896-ից։ Իսկ կանայք այս մարզաձևում թեև իրենց ուժը սկսեցին ցուցադրել արդեն 1970-ականների վերջից, սակայն Օլիմպիական խաղերում ընդգրկվեցին միայն 2000-ից՝ Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերից սկսած։
Տարբերություններ են նկատվում նաև անկախ Հայաստանի ցուցաբերած արդյունքների և խորհրդային տարիների արդյունքների միջև։ Համեմատելով այդ ցուցանիշները՝ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խորհրդային տարիներին հաղթանակների բարձր ցուցանիշները պայմանավորված էին ժամանակի քաղաքական և մարզական համակարգի առանձնահատկություններով: Այդ ժամանակ համակարգը լրիվ ուրիշ էր։ Մարզիկները պետք է մրցեին նախ Խորհրդային Միության պետությունների հետ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Լատվիայի, Լիտվայի և մյուսների, որոնք այսօր անկախ պետություններ են։ Այդ մրցակիցներին հաղթելուց հետո միայն հնարավոր էր ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականում՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար: Որոշակի դեր էր խաղում նաև ազգային խտրականությունը․ հայ մարզիկները պետք է բացառիկ արդյունքներ գրանցեին, լինեին լավագույններից լավագույնը, որպեսզի կարողանային հանդես գալ միջազգային մրցասպարեզում։ Միայն «մի քիչ էլ ռուս լինելը» երբեմն կարող էր դեր ունենալ՝ ԽՍՀՄ հավաքականում առավելություններ ունենալու համար։ Սակայն հայ մարզիկները միշտ էլ ուժեղ են եղել։ Այս ամենի վառ ապացույցներն են այնպիսի լեգենդար մարզիկները, ինչպիսիք են Օգսեն Միրզոյանը, Յուրիկ Սարգսյանը, Յուրա Վարդանյանը և այլք, ովքեր փայլում էին օլիմպիական և այլ միջազգային մրցաշարերում»:
Կարդացեք նաև
Արտաշես Ներսիսյանը ոգևորությամբ ընդգծում է, որ Հայաստանի անկախացումից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ, և կարևոր է այն փաստը, որ Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս սեփական անունով և պետական դրոշի ներքո։
Իսկ կանանց հավաքականի ներկայիս վիճակի մասին խոսելով՝ հավաքականի մարզիչը նշում է, որ այս պահին գնահատական տալը բավական բարդ է, քանի որ ինքը շատ խիստ է նախ և առաջ ինքն իր հանդեպ․ «Մեր աշխատանքի գնահատականը պետք է տա ժողովուրդը, լրագրողները, հատկապես սպորտային լրագրողները: Եթե նրանք կարծում են, որ լավ է , ուրեմն ճիշտ ուղու վրա ենք։ Բայց դեռ շատ գործեր կան, որոնք պետք է կատարել»։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի՝ 2019-2024 թվականների ցուցանիշները ցույց են տալիս, որ ոլորտում շարունակ փոփոխություններ են լինում։ Չնայած վերելքներին և հաղթանակներին՝ կայուն առաջընթացը կարծես թե դեռևս մնում է չլուծված խնդիր։
2019 թվականը Հայաստանի հավաքականի համար կարելի է համարել բեղմնավոր․ մեր մարզիկները Աշխարհի առաջնությունում նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Այդ տարի հատկապես աչքի ընկան Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, որոնք հաղթահարեցին ուժեղ մրցակիցներին և բարձրացրեցին Հայաստանի դրոշը։ Ոսկե մեդալների թիվը վկայում էր մարզիկների բարձր պատրաստվածության և մարզչական թիմի հետևողական աշխատանքի մասին։
2020 թվականին ծանրամարտի Աշխարհի առաջնությունը չանցկացվեց համավարակի պատճառով։ Այս հանգամանքը խոչընդոտեց ինչպես նոր մեդալների նվաճմանը, այնպես էլ մարզիկների մրցակցային տեմպի պահպանմանը։ 2021 թվականին Հայաստանի հավաքականը մրցասպարեզ վերադարձավ, սակայն 2019 թվականի արդյունքների համեմատ արձանագրվեց որոշակի անկում։ 2023 թվականին Հայաստանի ծանրամարտիկները վերադարձան հաղթական տեմպերին՝ առաջին և երրորդ հորիզոնականներում զգալի աճ արձանագրելով։ Ունեցանք 4 ոսկի և 5 բրոնզ։ Միևնույն ժամանակ երկրորդ տեղում արդյունքները մնացին անփոփոխ՝ ընդգծելով կայունությունը որոշակի կատեգորիաներում։
2024 թվականի դեկտեմբերի 9-ի տվյալներով՝ Հայաստանը դեռ չէր նվաճել ոսկե մեդալ Աշխարհի առաջնությունում։ Երկրորդ տեղը պահպանել է իր դիրքերը, սակայն երրորդ հորիզոնականում նկատվում է անկում՝ նախորդ տարվա համեմատ։
Հայաստանի ծանրամարտիկները Եվրոպայի առաջնություններում գրանցում են տպավորիչ արդյունքներ։ Վերջին 5 տարիներին նվաճված ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների քանակը տարեցտարի աճում է՝ ցույց տալով մարզիկների զարգացման և մրցակցային պատրաստվածության բարձր մակարդակը։
Այս աճող ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ծանրամարտը Եվրոպական ասպարեզում շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ դառնալով մարզական կայուն հաջողության օրինակ։
2019 թվականին Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց պատվավոր առաջին տեղը, 2021 թվականին մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում զբաղեցրեց 2-րդ և 3- րդ տեղերը։ Երկու տարի շարունակ՝ 2021-2022 թվականներին, երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը։ 2023 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում և մեծահասակների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ 2024 թվականին Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և մեծահասակների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
Ստորև՝ Վարազդատ Լալայանի հետ մեր զրույցը։
-Վարազդա՛տ, ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան ծանրամարտում։ Կայի՞ն ուրիշ մարզաձևեր, որոնք սիրում էիք կամ որոնցով զբաղվում էիք։
-Շատ եմ սիրել բռնցքամարտը և միշտ ցանկացել եմ զբաղվել, բայց չի ստացվել։ Պատահաբար սկսեցի ծանրամարտով զբաղվել ու մնացի սպորտում։ Բռնցքամարտը միշտ սիրել եմ, չնայած չեմ մարզվել ու չգիտեմ այդ մարզաձևի տանջանքը։ Բայց ծանրամարտն ու ծանրամարտի տանջանքն ինձ դուր եկան, դրա համար էլ մնացի այստեղ։
– Ինչպիսի՞ն է Ձեր մարզական ռեժիմը։ Ինչպե՞ս եք պատրաստվում մրցումներին։
-Մարզական ռեժիմը բաղկացած է անընդմեջ հավաքներից, պարապմունքներից ու հանգստից։ Տանը գրեթե չենք մնում, միշտ հավաքականի հետ ենք։ Երբ տանն եմ լինում՝ Գյումրիում, այստեղ եմ պարապում, իսկ հավաքների ընթացքում՝ Ծաղկաձորում կամ Երևանում, բայց հիմնականում՝ Երևանում։
– Մասնագիտական պատրաստությունն ու ռեժիմը շատ կարևոր են, բայց այս մարզաձևում կարևոր է նաև հոգեբանական պատրաստությունը։ Ինչպե՞ս եք պատրաստվում հոգեպես։ Որպես ծանրամարտիկ՝ ինչպիսի՞ հոգեբանական մարտահրավերներ եք ունեցել մրցման ժամանակ։
-Հոգեբանորեն շատ ծանր է մրցումներին պատրաստվելը, բայց մանկուց էլ կարողացել եմ ինձ ճիշտ դրսևորել դրանց ընթացքում։ Կոնկրետ ինչ-որ բան չկա, որ ասեմ՝ դրանով եմ տրամադրվում, ավելի շատ վստահությունս է ինձ օգնում։
– Ըստ Ձեզ՝ մեր ժամանակների և անկախության տարիների ընթացքում ծանրամարտում գրանցված արդյունքներից ո՞րն է ավելի նշանակալի:
–Յուրի Վարդանյանը մեծ ներուժ է ունեցել սպորտում և բոլորին ներշնչել է ձգտել հասնել իր արդյունքներին։
– Անկախության առաջին տարիներին մեր ծանրամարտիկների բերած մեդալները մի քանի անգամ գերազանցում են մեր՝ այսօրվա մեդալներին։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։
-Խորհրդային տարիների ծանրամարտն ու մեր օրերի ծանրամարտն իրարից շատ են տարբերվում։ Խորհրդային տարիներին օլիմպիական խաղերում ծանրամարտն այլ էր, հիմա՝ բոլորովին այլ։ Լայնորեն օգտագործվում էին հավելումներ, և մարզիկները խթանիչներ էին ընդունում։ Հիմա այդ ամենը չկա։ Մեր հավաքականը խթանիչներ չի օգտագործում, իսկ ովքեր օգտագործում են, պատժվում են։
– Մարզիչները նշում են, որ թիմի ներուժը դեռ մեծ է, սակայն դրա իրացման համար պետք են ներդրումներ թե՛ ենթակառուցվածքներում, թե՛ մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության բարելավման գործում։ Դուք ի՞նչ եք կարծում։
-Մարզիկի համար ամեն ինչ պետք է բավարար լինի։ Բոլոր պայմանները պետք է ապահովված լինեն, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ միայն իր գործի վրա և կողմնակի բաների մասին չմտածի։
– Եղե՞լ է ժամանակ, երբ մտածել եք ծանրամարտը թողնելու մասին։
-Փոքր տարիքում՝ այո, բայց հիմա չէ։ Պարտություններից հետո հիասթափություններ շատ են լինում, բայց այդ ժամանակ դեռ լիարժեք չես հասկանում, թե ինչի մեջ ես մտնում։ Իսկ երբ արդեն սկսում ես պայքարել, այլևս չես ուզում հանձնվել։
– Ի՞նչ է Ձեզ համար հաղթանակը, արդյոք այն միայն մեդալնե՞րն են։
-Մեդալները ընդհանրապես հաղթանակի մաս չեն կազմում։ Հաղթանակը հենց քո տանջանքի, քո քրտնաջան աշխատանքի, քո ներդրած աշխատանքի արդյունքն է, որը ստանում ես հենց այդ պահին։
– Ո՞րն է Ձեր երազանքը կամ նպատակը ծանրամարտում։
– Սպորտում երազանքներ չունեմ, բայց նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է։
– Ի՞նչ ազդեցություն ունի ծանրամարտը Ձեր անձնական կյանքում։
-Ժամանակ չունեմ ուրիշ բանով զբաղվելու՝ ո՛չ անձնական կյանքս դասավորելու, ո՛չ էլ ընտանիքիս հետ երկար ժամանակ անցկացնելու։ Միայն տրամադրվում եմ պարապմունքներիս։
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք՝ միայն այն, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, Ձեզ համար առանձնահատուկ են դարձնում դրանք։ Մյուս հանգամանքն Էյֆելյան աշտարակն է, երրորդը կնշեք՝ երբ այնտեղ լինեք։ Դուք արդեն եղել եք Փարիզում, կնշե՞ք՝ որն էր այդ երրորդ յուրահատուկ կետը։
-Երևի կլիման, ինձ լավ էի զգում այնտեղ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են սկսել ծանրամարտով զբաղվել։
-Խորհուրդ կտամ, որ կյանքում երբեք չհանձնվեն։ Ոչ մի պարտություն չի կարող նրանց ստիպել հանձնվել։ Պարտություններն ավելի շատ են մոտիվացնում և հաղթանակի են տանում։ Կյանքում պետք է չհանձնվել, աշխատել ու միայն աշխատել։
Մանե ԽԱՆԴԱՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
3-րդ կուրս