Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ. Գեւորգ Դանիելյան

Դեկտեմբեր 29,2024 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի պատրանք ստեղծելու պրիմիտիվ, բայց և նենգ հնարքի է դիմում՝ թե բա Ադրբեջանում 2025 թվականը հռչակում ենք «Սահմանադրության և ինքնիշխանության տարի», ինչի արդյունքում ևս կվերանայենք սահմանադրությունը։

Սա գայթակղիչ ձևն է, իսկ բովանդակությունը, ինչպես միշտ, ճիշտ հակառակն է։ Մինչ Հայաստանում պատրաստվում են հանիրավի վերանայել Սահմանադրությունը, մերժելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ ազգային ինքնության և ինքնիշխանության հիմնարար արժեքները, որոնք Ադրբեջանը, օգտվելով պատեհ առիթից, որակել է իբրև ագրեսիվ հավակնություններ, նույն Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ 1991-93թթ. նախկին իշխանությունները եղել են թուլամորթ և հրաժարվել են իրենց պատմական տարածքներից (տեղեկացնենք, որ այո՝ Ադրբեջանի սահմանադրությունում անգամ ակնարկ չկա Արցախի մասին, թեպետ՝ առ այսօր մի ամբողջ գլուխ են նվիրել ամբողջովին հայաթափված Նախիջևանի ինքնավար հանրապետությանը), ուստի նոր սահմանադրությամբ պետք է վերականգնել արդարությունը։ Ի դեպ, Ալիև կրտսերը փորձել է լղոզել այն փաստը, որ սահմանադրությունը, այնուամենայնիվ, ընդունվել է հոր օրոք՝ 1995 թ.։

Ստացվում է, որ անգամ Ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ, սակայն, հաշվի առնելով անպատիժ ոճրագործությունների արդյունքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մի շարք տարածքների բռնազավթման իրողությունը և հետագա ակնկալիքները, փորձում են անարգել օրինականացնել այդ ամենը։

Հ.Գ. Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031