Ռուսական կողմը պետք է փոխհատուցում վճարի ինքնաթիռի կործանման հետ կապված. ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նշելով, որ դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես փոխանցվել են ռուսական կողմին, Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք բացահայտ ուրվագծեցինք մեր պահանջները ռուսական կողմին: Որո՞նք էին դրանք։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդը՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։
Սրանք են մեր պայմանները:
Դրանցից առաջինն արդեն արվել է երեկ (Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել– «Ա»):
Կարդացեք նաև
Հուսով եմ՝ մեր մյուս պայմաններն էլ կընդունվեն։ Դրանք բոլորն էլ արդարացի են. ոչ մի արտառոց պահանջ կամ խնդիր չկա, այս ամենը հիմնված է միջազգային փորձի և մարդկային նորմալ վարքագծի սկզբունքների վրա»։
Ակտաուում վթարված ինքնաթիռը վնասվել է «գետնից պատահական գնդակոծության հետևանքով», հայտարարել է Ալիևը, նաև նշելով, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։
Ալիեւի խոսքով, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։
«Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին պատճառված առաջին վնասն է», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։
«Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը», – ասել է նա։
Ըստ Ալիևի՝ «Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին»։
«Մեզ վշտացնող և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսաստանյան պաշտոնական կառույցները ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկած առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է Ալիևը։
«Ցավոք, առաջին երեք օրերին զառանցական վարկածներից բացի մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից»,- նշել է Ադրբեջանի նախագահը։