Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահական պալատը և միացել հավաքված ցուցարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը: Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունենում երկրի խորհրդարանի շենքում:
Ինչպես հայտարարել է Զուրաբիշվիլին, ինքը կլքի նախագահական պալատը, բայց կմնա ժողովրդի մոտ և կպայքարի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։
Զուրաբիշվիլին պնդում է, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել գործընկերներից և մտադիր է այցելել արտասահմանյան երկրներ։
Կարդացեք նաև
Նա նախատեսում է մասնակցել նաև դեկտեմբերի 31-ի բողոքի ակցիային և Ամանորը նշել Ռուսթավելի պողոտայում ցուցարարների հետ։
Դեկտեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընտրել է երկրի նոր նախագահին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կավելաշվիլին ստացել է 300 ձայնից 224-ը:
Հանրապետությունում ավելի քան մեկ ամիս է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստացել է ձայների 53,93 տոկոսը։
Բարձրագույն օրենսդիր մարմին են մտել նաև չորս ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու քվեարկության արդյունքները և կոչ են արել համակիրներին գնալ հանրահավաքների։
Զուրաբիշվիլին, որը նախկինում չէր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից։
Նրա պնդմամբ՝ ոչ լեգիտիմ խորհրդարանում չեն կարող լինել պետության ղեկավարի օրինական ընտրություններ։
Նա իրեն հռչակել է նաև երկրում իշխանության միակ օրինական ներկայացուցիչ։