Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ և ինչո՞ւ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 29,2024 12:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ե՞րբ և ինչո՞ւ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել

Տարին ավարտվում է, ես էլ որոշեցի ամփոփել եղածը, շրջանառվող թեմաների վերաբերյալ տեսակետ հայտնել, հոդված գրել։ Ինչո՞ւ հոդված, քանի որ գրավոր նյութը համարում եմ ավելի մնայուն և ինձ ու թիմակիցներիս էլ պարտավորեցնող… 2020թ.-ին, երբ մեր և մեր թշնամու ռազմական ներուժի հարաբերակցությունը վեցը մեկի էր, պատերազմի վերսկսվելը, բնականաբար, անխուսափելի էր: Կապ չունի՝ ո՞վ էր բանակցողը, ի՞նչ էր բանակցվել ու բանակցում հիմա։

Համոզված եմ, որ թե նախկին նախագահները, թե գործող իշխանությունը չի հակադրվի իմ այս տեսակետին, առավել ևս, որ 2000-ից սկսած մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ջանք ու եռանդ չէր խնայել տարածաշրջանում նման ռազմական փոխհարաբերության հասնելու խնդրում։ Հետևաբար, ստատուս քվոն պահելով՝ բանակցությունները ձգձգելու կողմնակիցը ոչ թե ՀՀ-ն, այլ Ադրբեջանն է եղել, ուժեղանալու և ուժով խնդիրը լուծելու նպատակադրումով։ Ըստ այդմ էլ, բանակցային փաստաթղթերում մեղավոր փնտրելը անիմաստ և անարդյունք զբաղմունք է, ու դա չտեսնելը հնարավոր չէ և թող ինձ ներեն նախորդ և ներկա իշխանությունները իրենց այդ առաջարկներին կոշտ հակադրվելու համար։

ՀՀ իշխանության հիմնական խնդիրը տվյալ ժամանակահատվածում պետք է լիներ հնարավորինս հավասար, կամ փոքր տարբերությամբ ռազմական բալանսի պահպանումը։ Համոզված եմ, որ ճիշտ դաշնակից ունենալու դեպքում սպառազինության նման փոխհարաբերակցությունը կբացառվեր։ Օրինակը՝ Հունաստան-Թուրքիա ռազմական բալանսի հավասարակշռումը ԱՄՆ-ի կողմից և ՀՀ-ին այսօր սպառազինության մատակարարումները Արևմուտքից, որ լրջորեն մտահոգում են Ադրբեջանին։ Ցավոք, թե երեք նախագահները, թե գործող իշխանությունը, անգամ 2020-ին, ակնհայտ ռուսական թողտվությամբ, արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո էլ Հայաստան-Ադրբեջան հակադրության լուծումը տեսնում էին ՌԴ աջակցությամբ և բացառապես մոսկովյան հարթակներում։ 2022թ.-ի ջերմուկյան ագրեսիայից և 2023թ.-ի արցախահայության բռնի տեղահանումից հետո միայն ՀՀ իշխանությունը շատ զգուշավոր քայլերով սկսեց բալանսավորել արտաքին քաղաքականությունը և ընդառաջ գնաց Արևմուտքի առաջարկներին, որն էլ իմ կարծիքով ապահովեց համեմատաբար խաղաղ և առանց կորուստների 2024 թվական ունենալը, ու՝ Փառք Տիրոջը։ Համոզված եմ, որ որդեգրած ուղղությունը ամրագրել և խորացնել է պետք, նպատակ ունենալով հասնել երկկողմանի ռազմական փոխօգնության համաձայնագրի՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի հետ։ Նման քաղաքականության պարագայում է, որ Ադրբեջանը կդադարի նորանոր նախապայմաններ դնել և շահագրգիռ կլինի իրական բանակցային գործընթացի։

Հետևաբար, Մինսկի խումբը ոչ թե լուծարել, այլ ընդհակառակը՝ Արցախ-Ադրբեջան հակադրության հարթություն վերադարձնել է պետք՝ ասելով, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է և ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն համարվող արցախահայության խնդրի լուծման առումով, դա Հայաստանի գործը չէ, քանի որ ՀՀ-ն երբեք Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունեցել և միայն Ադրբեջանն է որոշողը՝ դիմե՞լ լուծարման համար, թե՞ ոչ։ Նույնն է նաև ԵՄ դիտորդների պարագայում՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է և որևէ երրորդ կողմի չի վերաբերում։ ԵՄ դիտորդներին ոչ թե հանել, այլ՝ ընդհակառակը, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել և ԵՄ անդամության հասնել է պետք: Դա միակ ճանապարհն է, որը կամրապնդի մեր տեղը տարածաշրջանում, բարձր տեխնոլոգիական սպառազինությամբ կհավասարակշռի մեր ռազմական ներուժը, կամրապնդի ժողովրդավարության անդառնալիությունը, կձևավորի ներդրումային միջավայր, որն էլ իր հետ կբերի նոր և բարձր վճարվող աշխատատեղեր։ Ես և իմ ընկերները համոզված ենք, որ այդ պարագայում միայն Ադրբեջանը շահագրգռված կլինի խաղաղության փաստաթուղթ ստորագրել, որ Ալիևը ինքը ընդառաջ քայլեր կանի սահմանազատման և ճանապարհների ապաշրջափակման խնդրով, քանի որ չի բացառվի, որ նոր պատերազմում տուժողը կարող է Ադրբեջանը լինել… 2025թ.-ին մենք գործելու ենք այս ուղիով՝ ակնկալելով հանրության ընկալումը և աջակցությունը։

Թող Աստված օրհնի Հայաստանը, նոր տարին լինի վերելքի, ստեղծագործ աշխատանքի և ձեռքբերումների տարի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031