Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում՝ ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 29,2024 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է:

Սկզբում արհեստական հանրային պահանջի ֆոն ձևավորեցին, որ ՌԴ-ն պետք է ներողություն խնդրի, թեև նման դեպքերում հենց այդպես էլ լինում է, հետո սկսեցին տոնել ՌԴ նախագահի հնչեցրած ներողությունը` այն անուղղակի ներկայացնելով որպես ադրբեջանական ճնշման արդյունք:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով:

Սակայն իրականում ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում՝ ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են:

Անկախ քաղաքական առանձնահատկություններից և երևացող պրոցեսներում այս երկրների միջև հրապարակային արտահայտվող ջերմությամբ, և´ Հարավային Կովկասում, և´ Մերձավոր արևելքում, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ տարբեր բնույթի հարվածներ են հասցրել ռուսական ազդեցությանն ու իմիջին:

Դեռ չեմ խոսում Սիրիայի տարածքում թուրքական ՀՕՊ-ի կողմից ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցման, 44-օրյա պատերազմի վերջին օրերին, Երասխի հատվածում, ադրբեջանցիների խոցած ռուսական ուղղաթիռի կամ 2023 թվականին, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման օրերին, 6 ռուս խաղաղապահներ սպանելուն, որոնց թվում էր նաև ռուսական առաքելության հրամանատարի տեղակալը:

Բարդ իրավիճակները որպես կանոն միքայլանի կամ պարզ լուծումներ չեն ենթադրում, սակայն միջազգային հարաբերություններում իրենց շահերն առաջ են մղում կամ նվազագույնը չեն կորցնում այն երկրները, որոնք երկարաժամկետ խաղացողներ են, կարողանում հնարավորինս ճշգրիտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը տարբեր ժամանակային կտրվածքով և ըստ այդմ` պրագմատիկ հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն կամ դաշնակցային հարաբերություններ կառուցում այս կամ այն երկրի կամ կառույցի հետ:

Հ.Գ. Այս համատեքստում ՀՀ իշխանության որդեգրած կուրսին կամ անելիքներին չեմ անդրադառնում, որովհետև իրենց արածի հետևանքը մեր գլխին բերած հսկայական տարածքային և մարդկային կորուստներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031