Կոսովոյի անձնագրերը ճանաչելու պաշտոնական Երեւանի քայլի շուրջ Aravot.am–ը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2020-2021 թվականներին արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հետ։
Դիվանագետը նկատեց, որ Արցախի կորստով, Կոսովոյի նկատմամբ ՀՀ դիրքորոշման պայմաններն այլ են։
«Կոսովոյի անկախության հռչակումից հետո սերբական կողմը դիմել էր մեզ՝ խնդրելով չճանաչել Կոսովոյի անկախությունը։ Հայկական կողմի պատասխանն այդ հարցում պայմանավորված չի եղել հայ֊սերբական երկկողմ հարաբերություններով (չնայած, որ Սերբիայի այն ժամանակվա նախագահ Տադիչի վարչակազմը աչքի էր ընկնում բացահայտ ադրբեջանամետ կեցվածքով)։ Մեր պատասխանն էր, որ ՀՀ֊ն չի կարող ճանաչել ԼՂ-ի հետ նույնանման կարագավիճակում գտնվող որեւէ քաղաքական միավորի անկախությունը, քանի դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը», – բացատրեց Գագիկ Ղալաչյանը, ապա շարունակեց․
«Պայմաններն են փոխվել, կապված Արցախի հայաթափման հետ։ Իրավիճակի փոփոխությունն այլեւս թույլ չի տալիս դիտարկել Կոսովոյի եւ Արցախի խնդիրները նույն հարթության վրա», – շեշտեց արտակարգ եւ լիազոր դեսպանը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ անձնագրերի ճանաչումը կարելի՞ է որակել որպես պաշտոնական Երեւանի հակազդեցություն Սերբիայի նկատմամբ, որը ակներեւաբար սերտացնում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, եւ որի նախագահը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով։
«Չեմ կարծում, որ անձնագրերի ճանաչումը այժմ եւս պայմանավորված է հայ֊սերբական երկկողմ օրակարգով։ Ենթադրում եմ, որ սա արդյունք է Արեւմուտքից եկող հորդորների», – պատասխանեց նախկին փոխարտգործնախարարը։
Aravot.am–ի թղթակցի հարցին՝ Կոսովոյի անձնագրերը ճանաչելով՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը պատրաստվում է մոտակայում ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը, Ղալաչյանն ընդգծեց․
«Չեմ բացառում ապագայում Կոսովոյի անկախության ճանաչման հավանականությունը։ Սակայն, որեւէ որոշման դրդապատճառները պետք է փնտրել Արեւմուտք ֊ Արեւելք դիմակայությունում ՀՀ դիրքավորման ենթատեքստում»։
Համատեքստ
Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը։ Երեւանն ու Պրիշտինան համաձայնել են փոխադարձաբար արտոնել միմյանց անձնագրերով մյուս երկիր այցելելու նպատակով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ