Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի- Մայիսյան ավտոճանապարհին․ բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով երկու հոգի տեղում մահացել են, երկուսը՝ վիրավորվել։
Aravot.am-ի տեղեկություններով, մահացածներն ամուսիններ են, նրանք Վրաստանի հայեր էին, խնամքի տակ ունեին երեք երեխա, սպասում էին 4-րդ երեխային։
Ամուսինը՝ Ս․ Վ․-ն 34 տարեկան էր, կինը՝ Ա․ Է․-ն՝ 31 տարեկան։
Իսկ վիրավորները «Մերսեդեսի» վարորդի կինն ու որդին են․ տղան անչափահաս է։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տուժողները հետազոտման փուլում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժինում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն էլ դեպքի մասին հայտնել է հետևյալը․ «Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes- Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ