ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիեւի հերթական նախապայմանը իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Պատասխան։ Ալիեւի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։
Նա այնքան պատրաստակամ եւ ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ եթե միջամտելու որեւէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։
Կարդացեք նաև
Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։
Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումները անթերի էին այդ տեսակետից։
Հարց երկրորդ։ Ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Լուկաշենկո վերջին ընդհարումը։
Պատասխան։ Երբեւէ Հայաստանի որեւէ ղեկավար թույլ չի տվել, որ իր հետ այնպես խոսեն, ինչպես միջազգային հարթակներում խոսում են Նիկոլի հետ։
Երբեւէ Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել արտաքին քաղաքական բուլլինգի եւ թրոլինգի թիրախ, ինչպես Նիկոլն է։
Նիկոլն է լեզու դրել թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Ալիեւի, թե՛ իրեն առերես կամ մեջքի հետեւից ծաղրող մյուսների բերանը։
Իսկ քովիդային կռուտիտը, դրան նախորդած եւ հաջորդած դրսեւորումներով, պարզապես զավեշտ էր։
Այդ բուն բանավեճում ոչ մի պետական շահի կամ ազգային երանգի խնդիր չկար։ Պարզապես Ալիեւի քիփը «հագել» էր Ալիեւի վասալին։
Հարց երրորդ։ Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակը մնաց։ Համամի՞տ եք։
Պատասխան։ Միանշանակ։ Ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը։
Դրա մասին արդեն շատ է խոսվել։ Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։
Մի բան հավելեմ ընդամենը։ Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաեւ միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետեւանքով ստացավ շատ ավելի հուժկու եւ շառաչյուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։
Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի մասով։
Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»։
Հարց չորրորդ։ Ժամանակին թե՛ Դուք, թե՛ Հանրապետականը չեք ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիեւի այդ նախապայմանին եւ Փաշինյանի փաստացի համաձայնությանն այդ առաքելության գործունեության դադարեցման մասով։
Պատասխան։ Մշտապես դեմ եմ եղել ցանկացած դիվանագիտական քայլի, որը թուլացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը։ ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։
Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։
Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիեւի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումը անձամբ ես համարում եմ անթույլատրելի։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիեւի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու։
Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք 2025-ի նախաշեմին։
Պատասխան։ Նույնը, ինչ ասել եմ 2024-ի, 2023-ի, 2022-ի, 2021-ի նախաշեմերին, նույնը, ինչի մասին ընկերներիս հետ զգուշացնում էինք 2018-ից մինչեւ 2020-ը։
Ցավով նշեմ, որ հերթական անգամ մենք նոր տարի ենք մտնում, որպես աշխարհի ամենաանթասիբ եւ անպատիվ հասարակություն։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մռմռացնող իրականություն է, որը չես քողարկի ոչ խոզի բդի հաստությամբ, ոչ բլինչիկի բարակությամբ, ոչ էլ սալաթների թարմությամբ։
Մնում է, որ 2025-ին իրական ջանքեր գործադրենք եւ ազատվենք այդ անպատվաբեր ու խայտառակ տիտղոսից։ Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, եւ գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել եւ քավել։
Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։ Էլի խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչեւ հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ նա սնվում է մեր ատելությամբ։ Ուստի պետք է պայքարել՝ սիրելով Հայրենիքը եւ մարդկանց, այլ ոչ թե ատելով Փաշինյանին։