ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ
Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ,
այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։
Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։
Կարդացեք նաև
Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ։
Այս համատեքստում պետք է նշել, որ մեզանում ոլորտը կարգավորող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել, ոլորտը հանրահռչակող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և դրանք լինելու են շարունակական։
Մասնավորապես՝ կինոյի ոլորտում ընթացել է ակտիվ օրենսդրական աշխատանք՝ ոլորտը կարգավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Ստեղծվել է և սկսել է նոր տրամաբանությամբ գործել Հայաստանի կինոյի հիմնադրամը: Մշակվել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգավորման փաթեթը, որի հիման վրա մեխանիզմը 2025 թ.-ից արդեն իսկ կգործարկվի՝ նոր հնարավորություններ բացելով կինոարտադրության զարգացման համար։ 2024 թ.-ի ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնների՝ շահելով 11 մրցանակ։ Տարեցտարի շրջանակներն ընդլայնելով և որակական նոր սանդղակ սահմանելով՝ շարունակվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, փոքրիկ հանդիսատեսին շարունակում է ոգևորել «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը, կինոսերների համար հետաքրքիր դաշտ է բացում «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ինչպես նաև շարունակվում են կինոօրերը՝ հայ հանդիսատեսին հասանելի դարձնելով տարբեր ազգերի մշակույթը հենց կինոյի միջոցով։
Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ոլորտի զարգացման և առաջխաղացման, փորձի փոխանակման ու նոր հեռանկարների։
Պետությունը շարունակական քաղաքականություն է վարելու ոլորտի զարգացման, միջազգային հարթակներում հայկական կինոյի գրավչության բարձրացման, մեր ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում եմ ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, իսկ կինոսերներին՝ բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր դիտելու, դրանցով կյանքը լավարկելու շարունակական հնարավորություն։
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն