Դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը Նյու Յորքում ընթացող արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններից հեռացվելուց հետո Gotham Chess-ին ասել է, որ այլեւս գործ չի ունենալու Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հետ եւ չի մասնակցելու նրա մրցաշարերին:
«Ակնհայտորեն սա իմ լավագույն մրցաշարը չէր, լավ չէի խաղում: Ես լավ քնել էի եւ ճաշի սեղանի շուրջ հաճելի հանդիպում էի ունեցել, որից հետո գնացել էի մրցման: Ժամանակս հազիվ էր բավարարել մտնել սենյակ, զգեստափոխվել: Ես ջինսե տաբատի մասին անգամ չէի մտածել: Ինձ զգուշացրին, որ պետք է զգեստափոխվեմ, հետո տուգանեցին: Պատասխանեցի, որ վաղը կզգեստափոխվեմ: Ես անգամ չէի գիտակցում տեղի ունեցողի լրջությունը, սակայն նրանք հայտարարեցին, որ պետք է զգեստափոխվեմ անմիջապես տեղում:
Չեմ բողոքարկել: Ես արդեն չափազանց տարիքով եմ դրա վրա ուշադրություն դարձնելու համար: Կգնամ որեւէ տեղ, որտեղ եղանակն ավելի լավ է, քան այստեղ: ՖԻԴԵ-ն նաեւ ակտիվ հետապնդում էր խաղացողներին, որպեսզի պայմանագիր չստորագրեն Freestyle-ի (դասական ժամանակով Ֆիշերի շախմատի մրցաշարի, որը կազմակերպում է Վայսենհաուս առողջարանի սեփականատեր Յան Հենրիկ Բյուտտները. ТАСС-ի խմբ.) հետ՝ փաստացի սպառնալով նրանց, որ չեն կարողանա մասնակցել աշխարհի առաջնության փուլերին:
Ամեն բան կարգին է: Իրենք կարող են իրենց օրենքները առաջ քաշել: Ես դեմ չեմ: Իմ պատասխանն է՝ գերազանց է, այդժամ ես հեռանում եմ»,- ավելացրել է նորվեգացին:
Կարդացեք նաև
Արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններն ընթանում են Նյու Յորքում: Արագ շախմատի առաջնությունն ավարտվում է դեկտեմբերի 28-ին: Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 30-31-ին: Տղամարդկանց առաջնություններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա $ 90 հազար, կանանց հաղթողը՝ $ 60 հազար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 1,429 մլն. է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ