Շուրջ վեց տարի վարչապետի աթոռին բազմած Փաշինյանն ու իր ձևավորած կառավարության որոշ անդամներ երբեք պատշաճորեն չեն նշել ազգային և եկեղեցական տոները։ Տոները, ոգեկոչման խորհրդից զատ, հասարակության համախմբման, ազգային դիմագծի պահպանման և ինքնության վերահաստատման կարևոր միջոց են, և Փաշինյանը հայոց նվիրական տոներն իր կառավարման տարիներին հետևողականորեն փորձել է ոչնչացնել կամ աղավաղել:
Այսպես, 2018 թ. հեղաշրջում-իշխանափոխությունն իբրև մեծագույն ձեռքբերում հռչակած վարչապետը սահմանեց այն փառաբանելու տոն՝ Քաղաքացու օրը, որը նշվելու էր ապրիլի վերջին շաբաթ օրը։ Հանրությանն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում, ի՞նչ առանձնահատուկ խորհուրդ է պարունակում Քաղաքացու օրը. բազմաթիվ քննադատություններ հնչեցին, դիտարկումներ կատարվեցին, և այդ օրը՝ իբրև տոն, ի վերջո չհաստատվեց հանրության կողմից՝ մնալով սոսկ որպես ՔՊ-ի ձախողված էպիզոդներից մեկը (վստահ ենք, որ մոտ ապագայում այն դուրս է շպրտվելու պետական տոների և հիշատակների ցանկից):
2019 թվականին՝ Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, ազգային – եկեղեցական այդ նշանավոր տոնը աղավաղելու միտումով իշխանությունը հերթական կենցաղային ու անհեթեթ սովորույթի մշակման մասին հայտարարեց՝ Խալիներ լվանալու օրվա, և երեսպաշտորեն ավելի քան 5 մլն. դրամ հատկացվեց, որ պատգամավորները լվանան ԱԺ-ի գորգերը։
Պատկերն ավելի մռայլ էր 2020 թ., երբ Փաշինյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, մոգոնեց վիրտուալ երթի մասնակցելու անունների անդամագրություն, և շուրջ 400.000 անուն հավաքագրեցին ու Ծիծեռնակաբերդի պատերին զետեղեցին: Դրա հնարավոր հետևանքների մասին ժամանակին բազմաթիվ հրապարակումներ եղան, շատերի կարծիքով էլ՝ այդ արարողակարգից սկիզբ առան վերահաս ողբերգությունները մեր ազգային կյանքում։
Կարդացեք նաև
Իր կառավարման սկզբից էլ Փաշինյանը միտումնավոր անուշադրության է մատնել հատկապես եկեղեցական տաղավար տոները: Փոխանակ պետական արարողակարգով մասնակցելու այդ տոներին՝ երկրի վարչապետը եկեղեցական տոները «չեզոքացնելու» նոր միջոցների էր դիմում. օրինակ՝ ֆեյսբուքյան իր էջում սաղմոսներ արտասանելով:
Այսօր էլ Փաշինյանն այդ տոներն իր գաղափարներին հարմարացնելու համարժեք նոր ձև է գտել: Որպեսզի հանրության կողմից իրեն տրվող հակաեկեղեցականի պիտակն ավելի չխորանա, նա ընտրում է եկեղեցիներ, որոնք որպես պատմամշակութային հուշարձան գտնվում են պետության ենթակայության ներքո ու Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի իրավասության սահմաններից դուրս են, և այնտեղ ինչ-որ միջոցառումներ են կազմակերպում նրա պաշտոնական մասնակցությամբ: Մեր տեղեկություններով՝ այս տարի էլ նման մի միջոցառում ծրագրվում է իրականացնել Արագածոտնի մարզի Արուճի հնամենի եկեղեցում:
Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաօծված Մայր Տաճարում 2025 թվականին մեծ շուքով կնշվի Սուրբ Ծննդյան տոնը, Սրբալույս Մյուռոնով կօրհնվի ջուրը, իսկ երկրի ղեկավարը կնախընտրի իր սեփական իմպրովիզներով Սուրբ Ծնունդը նշել։ Նշենք, որ այստեղ խոսքն ամենևին էլ Մայր Տաճարում Հայրապետական Ս․ Պատարագին նրա մասնակցության մասին չէ․ կարծում ենք, որ Մայր Աթոռում շատերը նրա Ս․ Պատարագին չմասնակցելուց ավելի գոհունակ սրտով կվերադառնան իրենց տները։ Այստեղ խնդրո առարկա թեման այն է, որ Փաշինյանը նախընտրում է ներկա լինել ինչ-որ համերգի, քան Ս․ Պատարագի, հետևել դիրիժորի փայտիկի շարժումներին, քան ստանալ պատարգիչ քահանայի խաչակնքումով փոխանցվող խաղաղությունը։
Հ․Գ. Մենք դեռ չենք խոսում այն մասին, թե ինչպես Փաշինյանը մեռելոց հիշատակության բոլոր օրերն աշխատանքային դարձրեց, նույնպես հանրությանը զրկեց Սուրբ Ծննդյան տոներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանց մեծ մասը դարձյալ հռչակելով աշխատանքային օր: Կամ չենք անդրադառնում, թե ինչպես, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, օրենքը խախտելով, գաղտնի հրահանգեց արգելել Հայոց կաթողիկոսին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր՝ փորձելով խեղել Մայիս 28-ի պատգամը:
Մի առանձին ուշադրության է արժանի նաև արդեն երկրորդ անգամ Հանրային հեռուստաընկերության եթերով Հայոց Հայրապետի Ամանորյա շնորհավորական պատգամն ուղղված ողջ հայությանը, տասնամյակներ շարունակ սահմանված ժամին եթեր հեռարձակելու անհասկանալի և չբացատրվող արգելքը։
Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆ