Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ Անդրանիկ Քոչարյանն ընդունի և իրենց հարցերին պատասխանի։ Անհետ կորածների հարազատները տեղեկացրել էին՝ վաղուց ուզում են հանդիպել Անդրանիկ Քոչարյանին, բայց նա չի ուզում․ այսօր վաղն է անում: «Մենք փողոցը փակեցինք, որ ականջալուր անենք այդ անձնավորությանը՝ Անդրանիկ Քոչարյանին, որ ընդունի մեզ, բայց ինչպես տեսաք՝ թքած ունեն՝ ընդհանրապես՝ ով, ոնց։ Ուզում է ամբողջ քաղաքը խցանում լինի։ Հասկանում ենք, որ քաղաքացիներին նեղություն ենք տալիս, բայց իրենք էլ պիտի հասկանան, որ չենք եկել փող ուզում, մենք մեր խնդրով ենք եկել», – ՀՀ ԱԺ-ի դիմաց՝ Բաղրամյան պողոտայի վրա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, զոհված Արման Ղուկասյանի եղբայր Արսեն Ղուկասյանը։
Թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը, այլ ոչ թե շանտաժի լեզվով փորձեն ծանոթանալ քննիչ հանձնաժողովի եզրակացությանը. NEWS.am-ի հետ զրույցում նշել էր Անդրանիկ Քոչարյանը:
Կարդացեք նաև
«Նախ ինձ համար անակնկալ էր, որ այսօր զոհված զինծառայողների ծնողների մի խումբը, որոնց շատ լավ ճանաչում եմ, եկել էին հանդիպման: Այդպիսի մի քանի խմբեր կան, և բոլորի հետ էլ ես հանդիպումներ ունեցել եմ ամբողջ տարվա ընթացքում: Պատերազմից հետո դրանք եղել են պարբերական, նաև եղել են հանդիպումներ Ստեփանակերտում: Այսօրվա հանդիպումը անակնկալ էր, օգնականս իջավ և առաջարկեց, որ 2-4 հոգի բարձրանան, մի հատ հասկանամ, թե ինչ խնդիր կա չլուծված, որ առնչվում է ԱԺ հանձնաժողովի հետ: Ասեմ, որ այսօրվա զոհվածների հարազատները, պայմանական ասեմ, Մեծամորի խումբը, Գոռի խումբը, պարբերաբար այդպիսի նպատակներ ունենում են՝ հանդիպել, քննարկել: Ես ասացի՝ բարձրանան վերև, իրենք հրաժարեցին, ասացին՝ ամեն մեկս անհատական ինչ-որ մի հարց ունենք: Ես ասացի՝ եթե անհատական խնդիրներ են, այդ հարցերը անհատապես պետք է գրավոր ներկայացնեն, որպեսզի ես իմանամ, թե որ հարցի շուրջ որ գերատեսչության հետ պետք է կազմակերպենք չլուծված հարցի լուծման պատկերացումները։
Երբ բոլորով ուզում են հանդիպել հանձնաժողովի նախագահի հետ, մի քիչ տարօրինակ է դա, որովհետև մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ և ունեցել ենք բազմաթիվ լուծումներ։ Ես ասեցի, որ այնուամենայնիվ պետությունը ունի ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, իրենք մասնակցել են համարյա բոլոր նիստերին, թե՛ անհետ կորածների, թե՛ գերիների հարցերին վերաբերվող։ Եվ եթե այնտեղ որևէ խնդիր կա չլուծված, ես պետք է իմանամ, որ խնդիրը լուծված չի, որպեսզի ԱԱԾ տնօրենի հետ քննարկեմ այդ հարցերը: Իրենք հրաժարվեցին դրանից և ասեցին, որ եթե հանդիպում չկա, մենք Բաղրամյան փողոցը փակում ենք: Կներեք, դա ինձ համար հասկանալի ձևաչափ չի, որովհետեւ ես միշտ բաց եմ եղել բոլոր խմբերի համար:
Մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներգրավված է այդ միջգերատեսչական հանձնաժողովում եւ նա այսօրվա զոհվածների հարազատների և նրանց ընտանիքի անդամների հետ ունի ընդգծված ջերմ հարաբերություններ:
Օգնականն ինձ ասաց, որ, իրենք հարցեր ունեն, կարծում են, որ քննիչ հանձնաժողովը հանգամանքներ կան, որ ուսումնասիրված չէ: Բնականաբար հարց է առաջանում՝ դուք ի՞նչ գիտեք, թե որ հարցերը ինչ խորությամբ են ուսումնասիրվել: Երկրորդը տարեվերջին այսպիսի հարց դնել, ակնհայտ էր, որ այստեղ ինչ-որ տեղից ինչ-որ խնդիրներ է բարձրացված, որպեսզի ծանոթանան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, մինչդեռ ես պարտավոր եմ առաջին հերթին դա ներկայացնել ԱԺ լիագումար նիստում։
Էլ չեմ ասում, որ քննիչ հանձնաժողովի ձևաչափի մեջ եղել է նաև զոհվածների հարազատների երկուական պատվիրակ: Նրանք մեկ-երկու անգամ մասնակցել են աշխատանքին, հետո այլևս չեն մասնակցել: Այսօրվա անակնկալ այցը և հարցերը, ըստ էության, սխալ հասցեով էին եկել:
Իրենք այդ հարցերը հրաժարվել են ներկայացրել և որոշել են Բաղրամյան փողոցը փակել:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը միշտ եղել է յուրաքանչյուր կորուստ ունեցող ընտանիքի կողքին է շարունակելու է լինել, բայց դա պետք է չլինի ամեն մեկի անհատական ցանկության ու ճաշակի, թելադրանքի պարտադրանքով:
– Կարծում եք, որ սա ձեր դեմ ուղղված արշա՞վ էր:
– Ես չգիտեմ՝ ինչի դեմ է ուղղված, բայց ամեն դեպքում սա անհասկանալի դրսևորում էր, երբ կարելի էր երեկ իրենց հետաքրքրող հարցերը գրավոր ուղարկել անձամբ ինձ: Իմ հետ իրենք որևէ պրոբլեմ չունեն կոնտակտի մեջ մտնել: Այդպես էլ իրենք չկարողացան խումբ ձևավորել, որ բարձրանա, գոնե ասեն, թե ի՞նչ են ուզում ինձանից լսել, կամ ի՞նչ են ակնկալում, որ հունվարի 1-ից հետո պաշտպանության հանձնաժողովը պետք է անի, որ իրենց հետաքրքրող հարցերը ստանան լուծումներ:
– Պարոն Քոչարյան, իրենք ասում են, որ դուք ավարտել եք քննիչ հանձնաժողովի աշխատանքը և իրենք՝ տուժողների իրավահաջորդները, օրինակ, իրավունք ունեն, գան ու հարցնեն, թե ինչ եք պարզել:
– Ոչ, իրենք պետք է սպասեն, մինչ ես կներկայացնեմ ԱԺ լիագումար նիստի ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը, և եթե իրենք ունենան համապատասխան գաղտնիության թույլտվություն, նոր ծանոթանան այդ եզրակացությանը։ Ո՞վ ասաց, որ իրենք պարտադիր պետք է ծանոթանան քննիչ հանձնաժողովի նյութերին։ Իրենք իրավասու են, որպես տուժողի իրավահաջորդ քրեական գործում ծանոթանալու որոշակի նյութերին, բայց ոչ քննիչ հանձնաժողովի նյութերին, իրենք չարաչար սխալվում են։
– Իրենք ասում են, որ բազմաթիվ անգամ դիմել են ձեզ ու մերժում են ստացել:
-Այո, իրենք կարող է հազար անգամ էլ դիմեն, բայց քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը որևէ մեկի ցանկությամբ չի, դա հստակ կանոնակարգված իրավական գործընթաց է։
– Այսինքն իրենք հարցերը ճիշտ հասցեատիրոջ չեն ուղղե՞լ, ձեր կարծիքով:
-Իրենք հարցերը ոչ միայն ճիշտ չեն ուղղել, այլ օրինակ, քննիչ հանձնաժողովի հետ կապված ի՞նչ հարց կար, որ ուզում էին անպայման ծանոթանալ քննիչ հանձնաժողովի նյութերին։ Քննիչ հանձնաժողովի նյութերը հասանելի կլինի հասարակության այն հատվածին, որը թույլատրելի հատվածն է, գաղտնիության ռեժիմից ելնելով, երբ հանձնաժողովի եզրակացությունը ես կներկայացնեմ լիագումար նիստերի ընթացքում։
– Ասում են՝ թող գան ու պատասխանեն, թե ով է այս պատերազմի մեղավորը, ով տարավ իրենց երեխաներին:
– Թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը, այլ ոչ թե շանտաժի լեզվով, փորձեն ծանոթանալ մի բանի, որի իրավասությամբ իրենք օժտված չեն»: