«Ազատություն». Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը, հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ այդ միջոցն ընդունվել է, «կարևոր չէ»։
Միացյալ Նահանգները երեկ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Իվանիշվիլիի նկատմամբ՝ հիմնավորելով, որ նա խաթարում է Վրաստանի ժողովրդավարական ապագան ի շահ Ռուսաստանի:
«Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի։ Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն։ Փաստորեն, ոչինչ չի փոխվել, այնուամենայնիվ, դե ֆակտո պատժամիջոցները գործում էին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ վերջերս խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ, «նրա դիրքորոշումը նույնն է»: