Դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի ունեցավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում 23 երիտասարդ երաժիշտներ Արցախից դարձան ծրագրի շահառուներ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:
Նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտների համար:
5 տարվա համապարփակ երաժշտական կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կբացի նոր հնարավորություններ՝ ապահովելով նրանց գեղարվեստական աճը, զարգացումը և ճանաչումը: Զարգացնելով արցախցի երիտասարդների երաժշտական տաղանդը՝ ծրագիրը նպատակ ունի երաժշտության միջոցով ապահովելով Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային ասպարեզում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ։
Կարդացեք նաև
Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը, ուստի աջակցելով, կրթելով և զարգացնելով Արցախի երիտասարդ երաժիշտների վերջին սերնդին՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը կարող ենք դարձնել ամենակարդացվողը աշխարհում և առաջիկա 5 տարիների ընթացքում նրանց համար ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր և հաղթանակներ: