Մաշտոցի պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում գտնվող գեղեցիկ շենքը, որի ճարտարապետներն են Նիկողայոս Բունիաթյանն ու Մարկ Գրիգորյանը, Երեւանի այցեքարտերից մեկն է: Խոսքը «Մարգարյան ծննդատուն» մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասին է: «Եթե փողոցում կանգնեցնեք որեւէ մարդու եւ հարցնեք՝ որտեղ է գտնվում Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, զարմացած կնայեն ու հիմնական մասը կասի՝ չգիտեմ, չնայած նրան, որ ամեն օր անցնում են կենտրոնի կողքով: Բայց եթե որեւէ մեկին հարցնեք՝ որտեղ է գտնվում «Մարգարյան ծննդատունը», բոլորը ցույց կտան: Սա մի կենտրոն է, որը ժողովուրդը ճանաչում է որպես «Մարգարյան ծննդատուն»: Սա ժողովրդակա՛ն կենտրոն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով մեր երկրի կարեւորագույն հաստատություններից մեկը՝ նշեց «Մարգարյան ծննդատուն» մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության, գինեկոլոգիայի վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանը: Նա 23 տարեկանում ոտք է դրել կենտրոն ու ամբողջ կյանքն անցկացրել այս կարեւոր հաստատությունում:
«Այս կենտրոնը միշտ մարդակենտրոն է եղել, սերունդներ են փոխվել, բայց մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես «Մարգարյան ծննդատուն»: Շատ կարեւոր է ե՛ւ շենքի, ե՛ւ կենտրոնի ստեղծման պատմությունը», -հավելեց տիկին Առուստամյանը: Նաեւ հիշեցրեց. «Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ 1931 թվականին է ստեղծվել «Մայրության եւ մանկության պահպանության ինստիտուտը», որը 1937թ. վերանվանվել է «Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի», եւ տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Գրիգոր Արեշյանը:1950թ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը տարանջատվել է համանուն ամբիոնից եւ փոխադրվել ներկայիս շենք: Այդ ժամանակ ինստիտուտի ղեկավար է նշանակվել գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանը: Այդ տարիներից այստեղ իրականացվում էին մանկաբարձական և գինեկոլոգիական գիտական հետազոտություններ, որոնք ընթանում էին ժամանակին զուգահեռ: Կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում ոչ միայն Երեւանի, այլեւ ամբողջ հանրապետության բոլոր շրջանների կանանց ու աղջիկներին»:
Կարինե Առուստամյանը նշեց, որ 1973-89թթ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենը Գրիգորի Օկոեւն էր. «Անուրանալի էր նրա կատարած աշխատանքը այս կենտրոնի կայացման եւ նոր ձեւով ծառայությունների մատուցման գործում: 1973 թ. կատարվել է ինստիտուտի կառուցվածքային վերափոխում, փոխվել է նաեւ գիտական թեմատիկան: Այդ շրջանում ինստիտուտի բազայի վրա գործել են Երեւանի Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի եւ պաթոլոգիական անատոմիայի ամբիոնները»: Նրա խոսքով, Գրիգորի Օկոեւի տնօրինության տարիներին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը, իսկ 1986 թ. այն ձեռք է բերել ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ՝ լինելով միակը տարածաշրջանում:
Կարդացեք նաև
Այս շրջանում ինստիտուտում հիմնադրվեցին Հանրապետական բժշկագենետիկական կենտրոնը, Պերինատալ ախտորոշման հանրապետական կենտրոնը, Նորածինների հանրապետական պրոզեկտուրան, Գիտամեթոդական եւ Բարոթերապիայի հանրապետական կենտրոնները, Արհեստական սերմնավարման տարածաշրջանային կենտրոնը: Այստեղ իրականացվող բոլոր հետազոտությունների նպատակն էր, որ կինը, մայրը եւ նորածինը լինեն առողջ: Նաեւ բազմաթիվ նորամուծությունների սկիզբ է դրվել հենց այս ինստիտուտում: 1989թ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի:
1989-99 թթ կենտրոնը ղեկավարվել է պրոֆեսոր Կառլեն Ակունցի կողմից: Շարունակվել եւ ավարտին են հասցվել որոշ նախկին թեմաներ, մշակվել՝ նորերը. պտղի ներարգանդային վարակվածության, բնածին եւ ժառանգական ախտաբանությունների, էնդոկրին անպտղության մի շարք հարցեր: 1999-2023թթ կենտրոնը ղեկավարել է պրոֆեսոր Գեորգի Օկոեւը: 1999թ ստեղծվել է նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայություն՝ երեխաների խնամքի երկրորդ փուլի հետ միասին»: Ընդհանրապես, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բնագավառում բազմաթիվ գիտական ձեռքբերումները Հայաստանում առաջինը ներդրվել եւ կիրառվել են հենց «Մարգարյան ծննդատանը»:
«Հայաստանում 2003թ. տեղի ունեցավ մեծ հեղաշրջում՝ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում, եւ առաջին անգամ ՄՄԱՊԳՀԿ-ում պրոֆ Գ․ Օկոեւի ղեկավարությամբ արտամարմնային բեղմնավորումից հետո կայացավ հղիություն, որը հաջողությամբ ավարտվեց 2004թ. փետրվարի 5-ին՝ եռյակի ծննդով: 2006թ առաջին փոխնակ մայրության ծրագիրն իրականացվեց, ծնվեցին զույգ աղջիկներ, 2006թ իրականացվեցին նաեւ արտամարմնային բեղմնավորում ԻՔՍԻ եղանակով, ինչպես նաեւ սերմի եւ սաղմերի կրիոկոնսերվացիան (սառնապահպանում), որը շատ մեծ օգնություն էր արտամարմնային բեղմնավորման իրականացման բնագավառում»,-նշեց մեր զրուցակիցը:
Հայտնեց, որ 2007-ից ռենտգեն կաբինետում գործում է նոր սերնդի ռենտգեն-դենսիտոմետր «HOLOGIC QDR 4500», որը մեծ հնարավորություններ է ստեղծում շուրջդաշտանադադարային տարիքի կանանց մոտ ոսկրերի հանքային խտության գնահատման, օստեոպորոզի ախտորոշման, բուժման եւ դիսպանսերիզացիայի համար, մամոգրաֆիայի սարք («Siemens mammomat»)՝ կրծքագեղձերի հիվանդությունների ախտորոշման համար, որը թույլ է տալիս էապես բարելավել կրծքագեզձերի ախտաբանությունների ախտորոշման եւ բուժման որակը:
2023թ նոյեմբերից «Մարգարյան ծննդատուն» մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանը:
«Այս կենտրոնը միշտ հանդիսացել է բժշկական կադրերի դարբնոց, շատ մարդիկ այստեղ իրենց առաջին փորձն են ձեռք բերել, հետագայում ղեկավարել են այլ բուժհաստատություններ: Այսօր ամեն ինչ շարունակվում է նույն կերպ, կենտրոնն աշխատում է, որ առողջ լինեն աղջիկները, կանայք, մայրերը, երեխաները, եւ բոլորի ընտանիքներում երեխայի ճիչ լսվի…Ի վերջո, կանայք են ընտանիքի առանցքը»,-ընդգծում է կենտրոնի փոխտնօրենը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ