«Խոսալուց հասկանում ենք, որ ներքին ծառայության կանոնագիրքը լավ գիտեք, իսկ ձեր գիտելիքներն ինչքանով են օգտագործվել զինվորների շահերին»,- այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված 15 զինծառայողների գործով դատական նիստում N զորամասի հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հակոբյանին այսպիսի հարց ուղղեց այրված զինվորներից մեկի ծնողը:
Ի պատասխան Հակոբյանն ասաց՝ միշտ:
«Միշտ որ լիներ, սենց չէր լինի, էս վիճակը չէինք ունենա, ապեր: Գիտեք՝ ինչ տպավորություն է, որ էն առաջին դասարանի աշակերտը դասը լավ սովորած խոսում է, որ լավ գնահատական ստանա, նույնն է, ձեր խոսացածն ու այսօրվա մեր ունեցածը շատ տարբեր է: Տպավորություն եք փորձում թողնել»,- Հակոբյանին հակադարձեց զոհվածի հարազատը:
Ի դեպ, Ռուդիկ Հակոբյանը դեպքից անմիջապես հետո ազատվել է ծառայությունից:
Կարդացեք նաև
Նրան հարց ուղղեց նաեւ պաշտպանական կողմը. արդյոք հիշում է ԳՇ պետի՝ հրդեհները բացառելուն վերաբերող կարգադրությունը: Ռուդիկ Հակոբյանը որեւէ կերպ չմտաբերեց. «Որ կարգադրությունը տեսնեմ, կկարողանամ հստակ ասել: Եթե կարգադրությունը զորամաս է մուտք գործել ու հասցեագրված է եղել ինձ ու հասկանամ, որ իմ կատարվելիքն է, ես միանշանակ կատարած կլինեմ»:
Ռուդիկ Հակոբյանին հարց ուղղեց նաեւ զոհված մեկ այլ զինվորի հարազատ. «Դու մի օր գնացել ես էդտեղ երեխեքին տրիվոգ տաս, պարապես, կամ մի հատ ցուցում տաս, որ ասես՝ ինչ-որ մեկդ գնացեք, տրիվոգ տվեք, տեսեք էդ երեխեքը ի վիճակի են էդ 21 քառակուսու միջից ժամանակին դուրս գան»:
Ի պատասխան՝ Ռուդիկ Հակոբյանն ասաց, որ այդ պարապմունքներն ունեն իրենց պլանավորումն ու ըստ դրա էլ իրականացվում են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ