Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց մեղադրյալ Սամվել Վարդանյանը:
Մեղադրողը հետաքրքրվեց՝ այն արտահայտությունները, որ ավտոբուսում արել է, արդյոք գիտակցել է, որ դրանք կարող էին ավտոբուսում գտնվող այլ անձանց համար տհաճ լինել:
«Ես համակեցության կանոնների մասով ունեմ իմ ընկալումները, այն բառերը որոնք օգտագործել եմ, լիովին տեղավորվել են համակեցության կանոնները չխախտելու իմ ընկալումներում: Ակնկալել եմ, որ մյուսների մոտ էլ են այդ ընկալումները: Համակեցության իմ ընկալումներում չի կարելի հայհոյանք, ուժի կիրառում եւ այլն, օգտագործված բառերը կոշտ քննադատություն,ոմանց համար գուցե վիրավորանք»,- պատասխանեց Սամվել Վարդանյանը:
Մեղադրողի հարցին՝ «հակահայ վիժվածքը» ձեզ համար ընդունելի բա՞ռ է, վիրավորա՞նք չէ, Վարդանյանը պատասխանեց, որ երբ դա անում է որեւէ երկրի քաղաքացի իշխանության ներկայացուցչի, դա կարող է լինել որպես կոշտ քննադատություն ու ընդունելի լինել: Այդ արտահայտությունը, ըստ Վարդանյանի, կարող է լինել բնութագրում, որակավորում:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազի հաջորդ հարցին, թե ավտոբուսի ուղեւորների կողմից նկատողություն ստանալուց հետո ինչին է միտված եղել նույն ոճով ձեր կողմից շարունակելը, Վարդանյանը պատասխանեց՝ ինքը շարունակել է, որ մարդիկ հասկանան՝ ում է ասում, որ իշխող ուժի ներկայացուցչին է ասում. «Այսինքն՝ այնպես չէ, որ ես գիժ էի, պատահական որոշեցի տարիքով մարդուն նեղացնեի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ