Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման և կառավարման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներում ապահովագրության մեխանիզմների ներդրման նպատակահարմարությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բազմաբնակարան շենքերի կառավարմանը, անձնագրավորմանը, բնակարանային ֆոնդի ռենովացիային վերաբերող նախագծեր։ Նախատեսվում է ձևավորել շենքերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ Բացի այդ, գալիք տարում ուժի մեջ կմտնի բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարմանը վերաբերող կարգավորումը։ «Այս ամենը թույլ կտա ունենալ Հայաստանի բնակարանային ֆոնդի ամբողջական պատկերը, ձևավորել շենքերի արդյունավետ շահագործման մեխանիզմներ և իրագործել բնակֆոնդի թարմացման ծրագրեր։ Այս ամբողջ շղթայում, կարծում ենք, կարևոր գործիք կարող է լինել ապահովագրությունը՝ ինչպես նպաստելու շենքերի պատշաճ պահպանմանը, այնպես էլ հստակեցնելու պատասխանատվությունների շրջանակը, կանխարգելելու հատկապես տարերային աղետների հնարավոր վնասները»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։
Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակներ: Արդյունավետ մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվել է պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը։ Կարևորվել է նաև այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը։
Կենտրոնական բանկի գործընկերների ներգրավմամբ կոմիտեն շարունակելու է քննարկումներն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ