«Այս ամենը պետական պաշտոնյայի վերաբերմունքն է երկրի զինվորին, կամավորին, էն մարդկանց, որոնք իրենց կյանքը դրել են այս երկրի համար։ Սա վերաբերմունքն է ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի, այլև բոլոր պատգամավորների, որոնք երկրի բարձրագույն ամբիոնից երբեմն հայրենասիրական ճառեր են հնչեցնում, սակայն նրանք, փաստացի տեղյակ լինելով, ոչ մեկը՝ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը մեր կողքին չեն»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորածների հարազատներից մեկը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով՝ Անդրանիկ Քոչարյանը, որը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն էր, հանդիպի և ներկայացնի իրենց հարցերի պատասխանները, սակայն հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։
Ըստ նրա՝ թեև նշվում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր գործունեությունը, սակայն անհետ կորածների հարազատներն իրենց հարցերի պատասխանները չեն ստացել․ «Առնվազն 24 հոգի հարցաքննված չէ օրինակ՝ իմ եղբոր մասով։ Եթե հանձնաժողովի աշխատանքն ավարտված է, մեկը իմ եղբոր մասով, քննիչի՝ չորս տարվա աշխատանքի արդյունքում ինձ մոտ դրված է եղել մի թուղթ, մի վկայի հարցաքննություն ու եզրակացություն։ Դա պետության անգործության հետևանք է, պետության վերաբերմունքն է զինվորին ու կամավորին, որոնք այս հայրենիքը սիրելով՝ իրենց կյանքն են դրել։ Կներեք՝ երևի սխալ դաստիարակություն ենք ստացել, որ այս հայրենիքը ուրիշ արժեքներով ենք սիրել ու չափել, քանի որ այսօր այս ամբիոնում լիքն անարժան մարդիկ են նստած, մեր տված հարկերից սնվում ու չեն բարեհաճում իջնել ու պատասխանել այն քաղաքացիների հարցերին, որոնց առաջ պարտավոր էին գալ ու պատասխաններ տալ, մեզ դիմավորել։ Սրանք ապազգային իշխանություններ են, մեր բոլոր արժեքները ոչնչացրին»։
Անհետ կորածների հարազատներից մեկն էլ, անդրադառնալով այն փաստին, որ Անդրանիկ Քոչարյանն իրենց չհանդիպեց, ասաց․ «Սկսենք էթիկայից․ իջնեիր, ծնողներին բարևեիր։ Եկել, հասել ենք․ այնպես է իրավիճակը, որ մենք եկել ենք, այդ մարդուն հարցեր ունենք տալու, չորս տարի է անցել։ Երկրորդը՝ մի քիչ տղամարդկություն ունեցիր։ Երրորդն էլ՝ դուք թյուրիմացություն եք, նկարագրելու էլ չեք»։
Կարդացեք նաև
Հարազատներից մեկ ուրիշն էլ ասաց, որ իրենք ուզում են իրենց հարցերի պատասխանները ստանալ․ «Թեկուզ կիսատ-պռատ լսենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվել պատերազմում, էդ էրեխեքը ո՞նց գնացին, կոտորվեցին, չիմանա՞նք, պիտի իմանանք։ Բա դու ինչո՞ւ ես ընտրվել հանձնաժողովի նախագահ․․․երկու ամսվա չափ մեր ծնողներից անընդհատ ասել են՝ մեզ ընդունեք։ Մարդն այսօր վաղն է արել։ Այսօր իրենց աշխատանքային վերջին օրն է, տարին են փակում, փակենք այնպես, որ հասկանանք՝ ինչ է կատարվել։ Գոնե կցկտուր հասկանանք, բայց մարդը չի ուզում իջնել, արհամարհում է»։ Լրագրողների հարցին՝ իսկ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում իրենց հանդիպել, անհետ կորածների հարազատներից մեկը պատասխանեց․ «Եթե մարդ խուսափում է, ուրեմն վախկոտ է։ Վախկոտ մարդը ոչինչ չի կարող ասել։ Չի էլ ուզում լսել»։
Անհետ կորածների հարազատներն ասացին՝ շատ հարցեր ունեն․ «Օրինակ՝ ասում են՝ քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եթե ավարտել է, ո՞ւր են էրեխեքի պատասխանները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ