Դատական դեպարտամենտի՝ քաղաքացիական գործերով հայցերի մուտքագրման նոր համակարգի խոտանի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել մեկից ավելի անգամ վճարել դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքերը:
Ինչպես հայտնի է, քաղաքացիական գործերով քաղաքացիները դատարան դիմելու համար վճարում են պետական տուրք, որը կազմում է բավականին զգալի գումար։ Մասնավորապես՝ վերջին տարիներին տեղի ունեցած ավելացումներից հետո այն կազմում է՝
առաջին ատյանի դատարանում՝ հայցագնի 3%-ը (առնվազն 6,000 ՀՀ դրամ),
ոչ դրամային պահանջով՝ 20,000 ՀՀ դրամ,
Կարդացեք նաև
վերաքննիչ և վճռաբեկ դատարանում՝ հայցագրի 5%-ը (առնվազն 30,000 ՀՀ դրամ),
ոչ դրամային պահանջով՝ 40,000 ՀՀ դրամ:
Առկա են նաև հայցերի առանձին տեսակներ, որոնց համար ֆիքսված պետական տուրքը կարող է կազմել 200,000 ՀՀ դրամ, իսկ, օրինակ, գնումների հետ կապված հայցերով, որտեղ հաշվարկը գնման գնի նկատմամբ է, պետական տուրքերը կարող են կազմել մի քանի մլն ՀՀ դրամ։ Ցանկացած դրամային պահանջով՝ որքան մեծ է հայցագինը, այնքան մեծ է պետական տուրքը։
Դատարանները հաճախ հետ են վերադարձնում հայցադիմումները՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանություններով։ Այդպիսի դեպքերում, հայցադիմումի հետ միասին վերադարձվում է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը, որը կարող է օգտագործվել նույն նպատակի համար, ինչպես նաև հնարավոր է սահմանված ընթացակարգով հետ ստանալ գումարը։
Սակայն 2024 թ. փետրվարի 1-ից գործարկված՝ քաղաքացիական գործերով հայցերի մուտքագրման նոր համակարգը, պարզվել է, որ ունեցել է խոտան. ըստ Դատական դեպարտամենտի կողմից խնդրի շուրջ տրվող նույնաբովանդակ պատասխանների՝ նոր էլեկտրոնային համակարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել համակարգի ծրագրային ապահովման խնդիրներ, որոնց հետևանքով՝
ա) հնարավոր չի եղել նույնականացնել վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթղթերում առկա տվյալները, ինչը թույլ կտար հավաստել պետական տուրքի չօգտագործված լինելու փաստը և տրամադրել համապատասխան տեղեկանք՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական տուրքի հետվերադարձ կատարելու նպատակով.
բ) դատարանի կողմից պետական տուրքի վերադարձման պարագայում այդ տուրքը (ծածկագիրը) կրկին օգտագործելու փորձի դեպքում համակարգի սխալ աշխատանքի հետևանքով վերադարձված, այսինքն՝ չօգտագործված պետական տուրքի ծածկագիրը նշվում էր «օգտագործված»։
Նման պարագայում քաղաքացիները դատավարական ժամկետները բաց չթողնելու համար ստիպված են կրկնակի վճարել դատարանի պետական տուրքը՝ սպասելով, թե երբ հետ կստանան նախորդիվ վճարված իրենց գումարները։
Հարցին, թե ե՞րբ կկարգավորվեն վերը նշված խնդիրները և ե՞րբ կվերականգնվեն քաղաքացիների նյութական իրավունքները, դեպարտամենտից չեն կարողացել պատասխանել անգամ ամիսների ճշտությամբ։ Այժմ էլ արդեն վաղուց ներկայացված դիմումները մնում են սպասման մեջ՝ օրենքով սահմանված և առհասարակ ողջամիտ ժամկետների խախտմամբ, իսկ տարբեր ժամերին կատարվող հեռախոսազանգերին օրեր շարունակ որևէ մեկը չի պատասխանում։ Պարզ չէ նաև, թե արդյո՞ք քաղաքացիները կկարողանան ստանալ այդ գումարների նկատմամբ հաշվեգրվող տոկոսագներ՝ որպես տուժանք, և ով պետք է այն վճարի։
Համակարգի ներդրման ծառայությունները դեպարտամենտի կողմից վստահվել են «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» (Masys Information Systems) ՍՊ ընկերությանը, իսկ գնման վերջնական գինը կազմել է 23,160,000 ՀՀ դրամ (նախնական առաջարկը՝ 32,000,000 ՀՀ դրամ)։ Հարցմանը, թե որքա՞ն գումար է արժեցել այդ համակարգի խոտանների վերացումը և որտեղից է այն վճարվում, դեպարտամենտից չեն պատասխանել։
Այս պահին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձում է հստակեցնել, թե քանի քաղաքացու իրավունք է խախտվել նշված խոտանի հետևանքով, որքան գումար է ընդհանուր առմամբ պահվել և չի վերադարձվել և ում մեղքն է այդ բացթողումը։
Ռուզաննա ԱՎԱԳԻՄՅԱՆ
«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»