Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր

Դեկտեմբեր 27,2024 17:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։

Նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, հանձնաժողովի մյուս անդամները, այդ թվում` ներկայացուցիչներ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերությունից, մարզական կառույցներից և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը՝ հաշվի առնելով մեր երկրի՝ միջազգային խոշոր մարզական մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձը: Նախարարը շեշտել է աշխատանքների` ժամանակին և պատշաճ կազմակերպման նպատակով ջանքերի մեկտեղման առաջնահերթությունը։

Մրցաշարի անցկացման վայրը, համաձայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի սահմանած չափանիշների, պետք է ապահովված լինի հանդերձարաններով՝ համապատասխան կահավորմամբ, օդափոխման, սառեցման և այլ համակարգերով։

Քննարկվել է նաև հեռարձակման հարցը․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի բոլոր հանդիպումները կցուցադրվեն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերության եթերում:

Կարևորվել են նաև անվտանգային պայմանների, շտապ օգնության ծառայության ապահովման, մրցաշարի տոմսային քաղաքականության, երկրպագուների համար քաղաքի տարբեր հատվածներում ֆան-գոտիների ստեղծման և այլ հարցեր: Ակնկալվում է, որ առաջնության հանդիպումներին կկարողանա ներկա լինել շուրջ 500 հանդիսատես:

Քննարկվել է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի նախապատրաստական պատշաճ փուլ անցնելու անհրաժեշտությունը՝ ուսումնամարզական հավաքների անցկացման միջոցով: Անդրադարձ է եղել նաև տեխնիկական հարցերին, այդ թվում՝ թիմի հանդերձանքի ու սաղավարտների ապահովման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031