Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2024-ը:
Արթուր Դավթյանը, գնահատելով 2024 թվականին իր արձանագրած արդյունքները, ասաց. «Ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից: Կարող էր ավելի լավ լինել: Օլիմպիական խաղերում ես իմն արեցի: Մրցավարները որոշեցին, որ ես պիտի երկրորդ տեղն զբաղեցնեի: Կաշխատենք նախ մյուս օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել եւ ավելի պատրաստված գնալ, որպեսզի մրցավարները չկարողանան կողմնապահություն անել: Ամեն դեպքում արդյունքս բարելավեցի: Եվրոպայի առաջնությունում էլ 2-րդ տեղն զբաղեցրի: Բայց արդեն ես էի մեղավոր: Վատ կատարեցի իմ երկրորդ ցատկը:
Հիմա բուժվում եմ վնասվածքներից, քանի դեռ մի փոքր դադար է: Հաջորդ տարվանից կսկսենք պատրաստվել աշխարհի գավաթներին ու այդպես շարունակ: Արդեն երիտասարդ չեմ: Պետք է առաջինն ամեն ինչ անենք, որպեսզի վնասվածք չստանամ: Վարժությունս բարդացնելու ցանկություն ունեմ: Բայց վնասվածքները շատ են ու շատ են խանգարում: Եթե պետք է խանգարեն ու չկարողանամ վարժությունը կատարել այնքան մաքում, որ կցանկանայի, ավելի լավ է չբարդացնեմ»:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե սպասելի՞ էր օրեր առաջ «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի արդյունքում երեք լավագույնների մեջ ընդգրկվելը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, սպասելի էր: Բայց իմ կարծիքով նախորդ տարիների 10 լավագույնների ձեւաչափը ավելի ճիշտ էր: Օրինակ, այս տարի Մալխաս Ամոյանը տեղ չգտավ: Օլիմպիական խաղերում 3-րդ տեղը գրավես, Եվրոպայի չեմպիոն լինես ու եռյակի մեջ չմտնե՞ս, ճիշտ չէ: Էլ ի՞նչ արդյունք անես, որ կարողանաս մտնել այդ եռյակի կամ տասնյակի մեջ»:
Հակոբ Սերոբյանը հավելեց. «Արթուրը, որ լավագույնների մեջ էր իմ համար անակնկալ չէր: Այ, եթե հանկարծ չմտներ, իմ համար շատ մեծ անակնկալ կլիներ: Բայց որ ինձ ընտրեցին լավագույն մարզիչ, անկեղծ ասեմ, չեմ սպասել: Չեմ էլ իմացել: Զանգել, շնորհավորել են, չեմ հասկացել՝ ինչի համար: Դա իմ համար անակնկալ էր: Շատ շնորհակալ եմ գնահատականի համար: Ուրիշ բան ասել չեմ կարող: Բայց ցանկացած դեպքում ճիշտ չէր: Իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը օլիմպիական երկու մեդալ է բերել ու տարբեր մարդկանցով: Ինքը պետք լիներ ըստ արդյունքների: Օլիմպիական երկու մեդալ բերելը խաղ ու պար չէ: Ես էլ, իրոք, վատ զգացի Մալխաս Ամոյանի համար: Սա արդեն աբսուրդ է: Արթուրը ճիշտ ասաց. եթե նախկինի պես լինի 10 լավագույններ, դա ավելի ճիշտ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ