Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի՝ փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից, արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար». Նարեկ Մկրտչյան

Դեկտեմբեր 27,2024 16:46

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն ամրակցել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Հակակոռուպցիոն դատարանի վճռով. «Անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրացումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»:

Ի պատասխան Մհեր Գրիգորյանի հարցին, թե օրինական ուժի մեջ մտած վճիռ կա՞, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ներկայացված հայցը: Հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 միլիոն 388 հազար դրամ է:

Աննա Վարդապետյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ ինչ գույքեր են ամրացվել Պետգույքին: Ըստ այդմ՝ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը: Մասնավորապես, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:

Դրանք են՝

  1. Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը,
  2. Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները,
  3. Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
  4. Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
  5. Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը:
  6. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը:
  7. Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝ 0.08 հա մակերեսով հողամասը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թթ ընթացքում ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ:

Դրանք են՝

  1. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով,
  2. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը,
  3. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը,
  4. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը,
  5. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը:
  6. Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը,
  7. Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը,
  8. Մեկ տրանսպորտային միջոց:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետությանը վերադարձված գույքերին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում. «Հիշեցնեմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում են միայն այն գույքերը, որոնց նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Դա է պատճառը, որ համայնքին վերադարձված գույքերը Կառավարության նիստում չեն քննարկվում»:

Այսպես.

  1. Երեկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2024 թվականի հուլիսի 2-ին:
  2. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 16, լոտ 18, լոտ 19, լոտ 21, լոտ 22 և լոտ 24 հողամասերի աճուրդները և, կիրառելով անվավերության հետևանքներ, դատարանը վեճի առարկա հողամասերի նկատմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2,67 հա մակերեսով, 16 միլիոն 600 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 22-ի և 2,64 հա մակերեսով, 16 միլիոն 414 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 24-ի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ և ևս 4 լոտ գտնվում է բողոքարկման փուլում:
  1. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 2, լոտ 3, լոտ 8, լոտ 9 հողամասերի աճուրդները: Լոտ 2, լոտ 3, լոտ 8 հողամասերի աճուրդների մասով կիրառվել են անվավերության հետևանքներ և դրանց նկատմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ արժեքով լոտ 2, 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 3 և 2 հա մակերեսով՝ 4 միլիոն 880 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 8 հողամասերի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
  1. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 10-ի վճիռներով հաստատվել է հաշտության երկու համաձայնություն: Հաշտության առաջին համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի նպատակային նշանակության», 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մուտքագրվել է Կադաստրի կոմիտե:

Հաշտության երկրորդ համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքում գտնվող՝ «գյուղատնտեսական նշանակության» 3 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը վճիռն ստանալուց հետո կմուտքագրվի Կադաստրի կոմիտե:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև համայնքներին վերադարձված գույքերին և նշել, որ երկու քրեական վարույթով երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ:

Մասնավորապես՝

  1. Քրեական վարույթի շրջանակում Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքը, որը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա գույք, վերադարձվել է համայնքին: Տարածքի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը:
  1. Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ Դատախազության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվելու և ամփոփվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների, ազգային զբոսայգիների, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերի կառուցապատման գործընթացի՝ օրենսդրության պահանջների և պայմանագրի պայմաններին համապատասխանության, խախտումների դեպքում լիազոր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների, դրանց հետ կապված հայց հարուցելու հիմքերի առկայության և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության վիճակը:

Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Գանձապետական միասնական հաշիվ սահմանելու մասին կարգը: «Մենք արդեն գույքագրած՝ Ֆինանսների նախարարության այս հաշվեհամարին ենք փոխանցում բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք Կառավարության որոշման հիման վրա այսուհետ պետք է վճարվեն այս հաշվեհամարին: Հաշվեհամարը կոչվելու է Վերականգնված միջոցների միասնական հաշվեհամար, ինչը ևս սիմվոլիկ և կարևոր նշանակություն ունի»,- ասել է Գլխավոր դատախազը:

Թեմային առնչությամբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ և՛ հաշտությունների կայացման, և՛ վերջնական դատական ակտերի կայացման մասով ինստիտուտն աշխատում է: «Այսինքն՝ այն խնդիրը, որն ի սկզբանե մեր առջև դրված էր՝ ունենալ հիմնական իրավական գործիք, որը կկազմի մեր պետության իրավական համակարգի մի մասը, այսօր ունենք այդ իրողությունը: Կարծում եմ՝ աշխատանքի շարունակականությունը կբերի նոր արդյունքներ»,– ասել է նախարարը և հավելել, որ այս պահին դատարանում ունենք 120 հայց:

Փոխվարչապետը հետաքրքրվել է Գլխավոր դատախազից, կարելի է համարել, որ մեխանիզմը ինստիտուցիոնալ իմաստով աշխատո՞ւմ է. «Ես հասկացա, որ արդեն ունենք վերջնական դատական ակտեր, ինչը նշանակում է, որ ամբողջ շղթայով իր լեգիտիմությունն ամփոփվել է»:

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ունենք վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել. դրանք 4 վճիռներ են, մենք այդ վճիռներով կբռնագանձենք 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև առանձին՝ շուրջ 1 մլրդ 880 մլն դրամ: Սա ժամանակի հարց է»:

Անդրադառնալով գույքի բռնագանձման մասով իրականացվող գործընթացին՝ Գլխավոր դատախազը նշել է. «Կարելի է ասել՝ աշխատանքն արդեն հասել է ինքնաշխատ մակարդակի: Մենք ինստիտուցիոնալացնելու խնդիր ունենք արդեն համակարգային տեսանկյունից, օրինակ՝ նույն փայերի գնահատման գործընթացը, պետգույքի կառավարման գործընթացը: Չկա այնպիսի շաբաթ, որ տեղեկատվություն չստանա օրինական ուժի մեջ մտած վճռի, դրանով գրանցված սեփականության իրավունքի մասին»: 

Սրբուհի Գալյանը հավելել է, որ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանումը. «Եթե ուզում ենք խոսել ինստիտուտի կայացման մասին, գոնե թե եռաստիճան դատական համակարգով անցած գործեր պետք է ունենանք, և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ գործերը կլինեն, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում կունենանք՝ ուժի մեջ մտած, որ խոսենք արդեն պրակտիկայի միասնականության մասին: Եվ այս առումով նաև նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք այդ օրենսդրական լավարկումների շուրջ, եթե դրանք անհրաժեշտ են: Ի սկզբանե պետք է կարիքների գնահատում անենք»:

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը: Փաստաթուղթը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագրի հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք, որի շրջանակներում կատարվել է` աշխատուժի պրոֆիլավորում, աշխատաշուկայի միտումների վերլուծություն, զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն: Ծրագրի տեսլականն է` զբաղվածության աճը մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ծրագրի շրջանակներում սահմանվել են հետևյալ Ռազմավարական նպատակները` մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով, զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը: Ըստ հիմնավորման՝ ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները, մինչև 2031 թ. զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 60.7% (2022 թվականի 51.2%-ի փոխարեն), ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թ. կկազմի մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի փոխարեն): Նախատեսվում է նաև, որ զբաղված կանանց մասնաբաժինը ՀՀ կին 15-74 տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կաճի` հասնելով մինչև 50.9% (2022 թվականի 41.5%-ի փոխարեն), թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազար մարդ՝ 2022 թ. համեմատ նվազելով մինչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։ Զբաղվածությունը մինչև 2031 թ. կգերազանցի աշխատանքային ռեսուրսների մինչև 60%-ը և կավելանա 252 հազար մարդով՝ հասնելով մինչև 1,409 հազարի։ Զբաղվածության ծրագիրն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, որը մինչև 2031 թ. կնվազի` հասնելով մինչև 19 %-ի։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փաստաթուղթը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող զբաղվածության ոլորտի զարգացան տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը: «Եթե խոսում ենք ՀՀ-ում գործազրկության մասին, պետք է նկատենք, որ այստեղ ունենք 2 բնույթի գործազրկություն, առաջինը՝ կառուցվածքային, երկրորդը՝ ցիկլիկ: Պատճառները տարբեր են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք մի շարք խնդիրներ, հատկապես՝ պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի՝ փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից, արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»,-ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ օգտագործվող կամ պոտենցիալ աշխատուժի մարտահրավերը 2022 թ.-ին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 տոկոսը կամ 339 հազար մարդ: «Մի կողմից այս ցուցանիշը վկայում է չիրացած ներուժի մասին, որը մրցունակ աշխատանք ունենալու պարագայում կարող է նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ, մյուս կողմից՝ աշխատանքի բացակայությունը, որը բերում է աղքատության ավելացման»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ եղած պատկերը փոխելուց զատ, ռազմավարական ծրագիրն ուղղված է նաև փոխելու հանրության շրջանում աշխատանքի ընկալումն ու վարքագիծը՝ աշխատող քաղաքացու կարևորությունը ընդգծելու համար:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետը նշել է, որ ամենակարևորը համախմբված ռազմավարական նպատակն է. «Մենք ստեղծենք ոչ թե մեխանիկական աշխատատեղեր, այլ արդյունավետ աշխատատեղեր: Եթե մեր ստեղծած կամ խթանված աշխատատեղն արդյունավետ չլինի, չենք ունենա կայուն լուծումներ, աշխատատեղեր»: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ մրցունակ աշխատատեղի համար նաև պետք է ապահովել մրցունակ կրթություն և ձևավորել խթանների այնպիսի համակարգ, որպեսզի իրոք ստեղծվի աշխատատեղ, որը ոչ միայն զբաղվածություն, այլև կարիերա է ապահովում թիրախային խմբի ներկայացուցիչների համար:

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները,

Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում: ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը նվազեցնել՝ 20%-ի փոխարեն սահմանել 10%, 50%-ի փոխարեն 30%, իսկ 70%-ի փոխարեն սահմանել 50%: Ծրագրի արդյունքում ակնկալվում է՝ տարեկան առնվազն 1200 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում կազմակերպություններում, տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ,  նպատակային ոլորտներում տարեկան առնվազն 50 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2022 թ. մարտից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թ. դեկտեմբեր 1-ը կնքվել է 6559 պայմանագիր՝ 341,8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ առաջարկվել է երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:

Անդրադառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրին՝ նախարարը նշել է. «2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»:

Թեմային շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, ՊՈԱԿ-ներ և այլն), որոնք չեն համապատասխանի սահմանված չափորոշիչներին, դրանց պահպանությունը կդադարեցվի, և դրանց պահպանությունը կվերապահվի մասնավոր պահնորդական կազմակերպություններին: Այս պարագայում խոսքը վերաբերում է միայն կայուն պահակակետերով պետական պահպանության դադարեցմանը: Ոստիկանությունը կշարունակի իրականացնել պայմանագրային հիմունքներով, ահազանգման համակարգով մասնավոր օբյեկտների պետական պահպանությունը՝ մատուցվող ծառայությունների արժեքի վերանայման (բարձրացման) պայմանով: Հաշվի առնելով, որ ոստիկանական պետական պահպանությանն այլընտրանքներ գտնելու համար համապատասխան պետական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ կլինի որոշակի ողջամիտ ժամանակ, որոշմամբ նախատեսվել է, որ այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Արդյունքում կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ, որոնց հիմքում կլինեն մարդկային կուտակումը, արժեքների կուտակումը, օբյեկտի տեխնիկական առանցքային հանգույց հանդիսանալը կամ ռազմավարական խոցելիության հավանական մակարդակը: Միաժամանակ, կորոշակիացվի Ոստիկանության կողմից ներկայումս պետական պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, կբարձրանա անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու պետության կարողությունը, ինչպես նաև՝ մասնավոր պահնորդական գործունեության զարգացման համար կձևավորվեն շուկայական մրցակցային պայմաններ։

2025 թ. ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1941 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով: «ՀՀ 2025 թ. պետբյուջեի մասին» օրենքով սահմանվել է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2025 թ.՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա 2023 թ.՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թ.՝ 300 տոննա, 2021 թ.՝ 300 տոննա, 2022 թ.՝ 600 տոննա, 2023 թ.՝ 600 տոննա, 2024 թ.՝ 679 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ ՀՀ-ում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Որոշմամբ առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից արտահանման ԵԱՏՄ համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն- տուփեր

Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին տրամադրելու խնդրանքով՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: Համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Երկարաձգվել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Ըստ հիմնավորման՝ վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար: Բացի այդ, տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200,000,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ըստ հիմնավորման՝ ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։

Կառավարությունը հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան հաստատվել է 2024 թ. մայիսի 17-ին, այն բաց է ստորագրման ոչ միայն ԵԽ անդամ, այլ նաև ոչ անդամ երկրների համար: Կոնվեցիան ստորագրել են Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իսլանդիան, Մոլդովան, Վրաստանը, Անդորրան, Սան Մարինոն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ-ը, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայելը: Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում: Մասնավորապես, այն կոչված է բացառել թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ:

Հավանության է արժանացել «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Նախագծի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման աջակցումը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման և իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական և գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ) նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի ամրապնդմանը: Համաձայնագրի շրջանակում ՀՀ կհատկացվի ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք հիմնախնդիրներ: Նախատեսվող միջոցառումները կբարձրացնեն ՀԱԷԿ անվտանգությունը։ Աջակցության տրամադրում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, ՀԱԷԿ-ի անվտանգության պարբերական գնահատման հարցում։

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 13-ին ստորագրված՝ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համապատասխան համագործակցության համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագրի նպատակը՝ ԵՆԲ-ի կողմից ՏԿԵՆ-ին աջակցություն տրամադրելն է՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար: Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5-ի շրջանակներում վերականգնվող Գյումրի-Բավրա 60 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23 կմ երկարությամբ: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ ԵՆԲ-ն իր քաղաքականության, կանոնների և գնման ընթացակարգերի համաձայն կիրականացնի Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գնման գործընթաց և կկնքի խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի շրջանակներում խորհրդատուն կթարմացնի Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը և աշխատանքային նախագիծը, մասնավորապես՝ կիրականացնի մանրամասն նախագծային փաստաթղթերի վերանայում և արդիականացում, ծրագրի բյուջեի և նախահաշվի վերանայում ու թարմացում, տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստում, հողերի օտարման ու տարաբնակեցման ծրագրի վերանայում, թարմացում, ինչպես նաև շինարարական աշխատանքների մրցութային փաթեթի պատրաստում:

 Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է 2025 թ. ընթացքում Սերբիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

Հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին և ՀՀ Կառավարությանը հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաև զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետևանքների ազդեցությունից:

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 229 400 000 դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031