Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝
- տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
- ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- չունեն սեփականություն,
- չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։
Կարդացեք նաև
1-ին փուլում կարող են ընդգրկվել՝
- 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
- 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
- զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
- գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
- ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ