«Մենք փողոցը փակեցինք, որ ականջալուր անենք այդ անձնավորությանը՝ Անդրանիկ Քոչարյանին, որ ընդունի մեզ, բայց ինչպես տեսաք՝ թքած ունեն՝ ընդհանրապես՝ ով, ոնց։ Ուզում է ամբողջ քաղաքը խցանում լինի։ Հասկանում ենք, որ քաղաքացիներին նեղություն ենք տալիս, բայց իրենք էլ պիտի հասկանան, որ չենք եկել փող ուզում, մենք մեր խնդրով ենք եկել», – ՀՀ ԱԺ-ի դիմաց՝ Բաղրամյան պողոտայի վրա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, զոհված Արման Ղուկասյանի եղբայր Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ Անդրանիկ Քոչարյանը, որ ղեկավարում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, ընդունի և իրենց հարցերին պատասխանի։
Անհետ կորածների հարազատները տեղեկացրին՝ վաղուց ուզում են հանդիպել Անդրանիկ Քոչարյանին, բայց նա չի ուզում․ այսօր վաղն է անում․ «Պատճառաբանում է, թե քննիչ հանձնաժողովն ավարտել է իր գործունեությունը։ Մենք առաջին պահանջատերն ենք, իրավունք ունենք՝ գանք, հարցնենք՝ ինչ ես պարզել, պարոն Քոչարյան։ Պետք է պատասխան տա։ Ես հիմա չեմ ուզում անուն, ազգանուններ հրապարակել, կարող է այդ մարդիկ երկրից փախչեն, բայց շատ մարդ կար, որ պետք է գար ու հարցաքննվեր այդ հանձնաժողովում։ Այդպես չէ, մենք քանի ամիս է բազմաթիվ անգամ իրեն դիմել ենք, որ Անդրանիկ Քոչարյանին հանդիպենք։ Մեկ երկրում չէ, մեկ արձակուրդում է։ Այսօր էլ նախապես պայմանավորվել էինք, ասում են՝ չորս-հոգի պիտի գա։ Իր օգնականին ասել ենք, իջել է, ասել՝ չորս-հոգի կարող է բարձրանալ։ Մենք էլ ասացինք, որ 15-20 ծնող ենք, թող բոլորին էլ ընդունեն, առանձնասենյակը եթե փոքր է, հնարավորություն չի տալիս, կարող է ինքը իջնել։ Չեկավ, մարդը կոնկրետ չի գալիս։ Բազմիցս եղել է, որ գնացել ենք՝ ԱԱԾ պետն ընդունել է՝ 40-50 հոգով ենք եղել։ Ինչո՞ւ՝ ԱԱԾ պետը կարող է մեզ ընդունել, լսել մեր հարցերը, Անդրանիկ Քոչարյանը չէ՞։ Ինչո՞ւ՝ չէ։ Մենք հո չենք եկել, իրենից եսիմ ինչ ուզում։ Եկել ենք մեր հարցերը տանք, պատասխանները լսենք։ Քննիչ հանձնաժողով ես ղեկավարել, մենք էլ այդ հանձնաժողովի հետ լիքը հարցեր ունենք։ Մեր պահանջը մեկն է՝ մեզ ներկայացնեն՝ այդ պատերազմի մեղավորն ո՞վ էր, ո՞վ տարավ էդքան երեխուն կոտորեց, բա մենք չիմանա՞նք՝ մեր էրեխեքին ով տարավ, սպանեց, թողեց անհայտության մեջ։ 174 հոգու ճակատագիր մինչև հիմա անհայտ է։ Չկա մեզ պատասխան տալու, արդեն լրիվ մոռացա՞ն։ Այդպես չէ կարգը․ օրենքից, ճշտից են խոսում։ Այս շենքում ճիշտ հասկացություն գոյություն չունի, ոչ սուտ ընդդիմությունը եկավ, ոչ իշխանությունը եկավ։ Տնից երկու հոգի եմ տվել, քանի՞ հոգի է տվել Անդրանիկ Քոչարյանն իր տնից»։
Կարդացեք նաև
Լրագրողները մուտք գործեցին ԱԺ և Անդրանիկ Քոչարյանի օգնականից ճշտեցին՝ նա տեղո՞ւմ է։ Նա պատասխանեց, որ Անդրանիկ Քոչարյանը գնացել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման։ Երբ լրագրողները անհետ կորածների ծնողներին հայտնեցին այս մասին, նրանք ասացին՝ չենք հավատում․ մենք, որ հավաքվել ենք, ինքն ԱԺ-ում է եղել, ինչո՞ւ թողեց, գնաց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ