Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2024-ը:
«Տարին մեզ համար լավ էր: Կարող էր ավելի լավ լինել: Մենք դեռ էլի տեղ ունենք: Մենք մեր նշաձողն ավելի ենք բարձրացնում: Ընդ որում, հատուկ պահանջներ չկան, քանի որ պայմաններն այն չեն: Մենք ենք մեր նշաձողը բարձրացնում: Կփորձենք ամեն ինչ անել ավելի բարձր արդյունքներ ցույց տալու համար: Եթե այս տարի ինչ-որ մի բան չստացվեց, դա օլիմպիական խաղերի ոսկին էր, որը կարող էինք ձեռք բերել: Բայց ցանկացած դեպքում առաջընթաց էր: Մենք օլիմպիական արծաթ չունեինք: Արթուր Դավթյանը 3-րդ տեղ ուներ: Մերը միշտ այդպես է: Եթե ուշադիր նայեք, իսկ լրագրողները քաջատեղյակ են, որ մենք աստիճանաբար ենք վեր գնում: Աստծով, լավ կլինի: Ես գոհ եմ:
Կարդացեք նաև
Արթուրից բացի հատուկ կարող եմ նշել մեր երիտասարդների մրցելույթները: Եվրոպայի չեմպիոն ունեցանք նժույգ թափերում: Երրորդ տեղ էլ ունեցանք: Մենք ունենք լավ տղաներ: Նրանք մյուս տարի պետք է հանդես գան մեծահասակների մեջ: Դա ցույց է տալիս, որ ուժեղ երիտասարդներ են աճում, որոնք կհամալրեն մեծահասակների հավաքականը: Առաջ չընկնեմ, բայց մյուս տարի կտեսնեք: Պետք է լավ լինի:
Մյուս տարվանից սկսում ենք պատրաստվել հաջորդ օլիմպիական ցիկլին: Երիտասարդներից անուններ չտվեցի, բայց կոնկրետ Համլետ Մանուկյանը մեծ ապագա ունի: Ինքն արդեն մասնակցում է մեծահասակների մեջ: Օնլայն մրցումներ եղան: Եվ նժույգ թափի հորդանանցի մասնագետին, որն աշխարհում երկրորդ տեղ էր գրավել, մեր Համլետը հաղթեց:
Հաջորդ օլիմպիական ցիկլում տեսնում եմ, ոչ միայն Արթուր Դավթյանին: Ի դեպ, մեր կանոնադրությունը փոխվեց: Մեծերը 10 տարր էին կատարում, երիտասարդները՝ 8: Հիմա հավասարվել է եւ երկու տարիքային խմբերն էլ 8 տարր են կատարում: Այսինքն, Համլետ Մանուկյանի վարժությունը հատուկ չի փոխվում: Մի փոքր կբարդացնենք, ու արդեն ինքը մրցակցության մեջ կմտնի ամենաուժեղ մարմնամարզիկների հետ՝ կոնկրետ նժույգ թափերում: Փորձելու ենք 2027 թվականի Եվրոպայի առաջնությունում, որ պետք է լինի Երեւանում, մասնակցել թիմով: Պետք է, որ լավ մասնակցենք: Այդպես նախատեսում ենք, ամեն ինչ անելու, փորձելու ենք», – ասաց Հակոբ Սերոբյանը:
Խոսելով պայմանների մասին, որում մարմնամարզիկները մարզվում են, եւ դրանք բարելավելու մասին՝ Հակոբ Սերոբյանն ասաց, որ նորություններ չունի: «Լրագրողները դահլիճով մեզանից շատ են հետաքրքրվում ու մեզանից շատ ցավում են: Փորձել ենք հետաքրքրվել, բայց… Հավատում եմ, բայց մի քիչ էլ կասկածում եմ: Չգիտեմ, ժամանակի ընթացքում գուցե հասցնեն», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ