Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը:
Դատարանի վճռի հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Կարդացեք նաև
Հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 միլիոն 388 հազար դրամ է:
2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:
Մասնավորապես՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:
Դրանք են՝
- Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը,
- Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները,
- Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
- Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
- Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը:
- Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը:
- Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝08 հա մակերեսով հողամասը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ:
Դրանք են՝
- Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով,
- Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը,
- Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը,
- Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը,
- Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը:
- Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը,
- Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը,
- Մեկ տրանսպորտային միջոց:
Անդրադառնամ նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետությանը վերադարձված գույքերին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում: Հիշեցնեմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում են միայն այն գույքերը, որոնց նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Դա է պատճառը, որ համայնքին վերադարձված գույքերը Կառավարության նիստում չեն քննարկվում:
Այսպես.
- Երեկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2024 թվականի հուլիսի 2-ին:
- Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 16, լոտ 18, լոտ 19, լոտ 21, լոտ 22 և լոտ 24 հողամասերի աճուրդները և, կիրառելով անվավերության հետևանքներ, դատարանը վեճի առարկա հողամասերի նկատմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2,67 հա մակերեսով, 16 միլիոն 600 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 22-ի և 2,64 հա մակերեսով, 16 միլիոն 414 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 24-ի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ (մյուս 4 լոտերը բողոքարկման փուլում են):
- Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 2, լոտ 3, լոտ 8, լոտ 9 հողամասերի աճուրդները: Լոտ 2, լոտ 3, լոտ 8 հողամասերի աճուրդների մասով կիրառվել են անվավերության հետևանքներ և դրանց նկատմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ արժեքով լոտ 2, 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 3 և 2 հա մակերեսով՝ 4 միլիոն 880 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 8հողամասերի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
- Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 10-ի վճիռներով հաստատվել է հաշտության երկու համաձայնություն: Հաշտության առաջին համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի նպատակային նշանակության», 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մուտքագրվել է Կադաստրի կոմիտե:
Հաշտության երկրորդ համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքում գտնվող՝ «գյուղատնտեսական նշանակության» 3 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը վճիռն ստանալուց հետո կմուտքագրվի Կադաստրի կոմիտե:
Քանի որ խոսեցինք համայնքներին վերադարձված գույքերից, նշեմ, որ երկու քրեական վարույթով երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ: Մասնավորապես.
- Քրեական վարույթի շրջանակում Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքը, որը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա գույք, վերադարձվել է համայնքին: Տարածքի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը:
- Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շարունակելով զբոսայգիների ու կանաչապատ տարածքների թեման՝ նշեմ, որ Դատախազության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվելու և ամփոփվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների, ազգային զբոսայգիների, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերի (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) կառուցապատման գործընթացի՝ օրենսդրության պահանջների և պայմանագրի պայմաններին համապատասխանության, խախտումների դեպքում լիազոր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների, դրանց հետ կապված հայց հարուցելու հիմքերի առկայության և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության վիճակը:
Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող՝ շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին էր ամրացվել Կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ:
Դասական աճուրդով նշածս գույքն օտարելու վերաբերյալ Կառավարության այսօրվա որոշման նախագծում ամրագրվել է, որ նույնիսկ եթե առաջին անգամ կազմակերպվող աճուրդում գույքը չվաճառվի, հերթական աճուրդներում գույքի վաճառքի մեկնարկային գինը չի նվազեցվելու»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ