Ermenihaber. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա և կուժեղացնի այդ երկրի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։ Բայարքթարը նաև նշել է, որ Անկարան նպատակադրված է Սիրիայի հետ մոտ ապագայում կնքել նավթի ու բնական գազի համաձայնագրեր։
«Առաջին հերթին մենք պետք է էլեկտրաէներգիա տրամադրենք Սիրիայի այն շրջաններին, որոնք էլեկտրաէներգիա չունեն։ Միջնաժամկետ հեռանկարում նախատեսում ենք ավելացնել դրանց արտադրական հզորությունը»,- ընդգծել է նախարարը։
Ըստ Բայրաքթարի՝ Սիրիան ունի ամեն ինչի կարիք և այնտեղ աշխատանքներ կտարվեն ենթակառուցվածքների նախագծերի ուղղությամբ և ըստ այդմ Թուրքիան կկարողանա Սիրիայի տարածքով Լիբանանին ևս էլեկտրաէներգիա մատակարարել։
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն՝ այդ թվում Սիրիայից Թուրքիա նավթամուղի անցկացումը»,- եզրափակել է նախարարը։