Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 8-ին, Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների՝ դեպի մայրաքաղաք Դամասկոս առաջխաղացման պայմաններում, հայտարարեց ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը տարհանելու և աշխատանքները ժամանակավորապես Բեյրութից շարունակելու մասին։
Սիրական ընդդիմադիր խմբավարումների ռազմական գործողության սկզբում տարհանվել էր նաև Հալեպում ՀՀ հյուպատոսարանը․ ԱԳՆ-ն պաշտոնապես չի մեկնաբանել Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների այն պնդումը, որ հյուպատոսարանը տարհանվել է ռազմական գործողությունների մեկնարկից օրեր առաջ։
Սիրիական ընդդիմության ռազմական գործողությունն ավարտվեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմամբ, որից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարեց իր դիվանագիտական անձնակազմի՝ Դամասկոս վերադառնալու, ինչպես նաև Հալեպում հյուպատոսության աշխատանքների վերսկսման մասին։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է, թե որ երկրներն են փակել, տարհանել իրենց դեսպանատները սիրիական վերջին զարգացումների ֆոնին, և ինչ գործողություններ են ձեռնարկել երկրները իրենց դիվանագիտական անձնակազմերի մասով՝ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։
Կարդացեք նաև
Պատերազմի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ն փակեց դեսպանատունը Սիրիայում
Տասնյակ երկրներ իրենց դեսպանատները Դամասկոսում փակել էին դեռևս 2010-ականներին՝ քաղաքացիական պատերազմի բռնկման սկզբում։ Դրանց թվում էին հիմնականում Ասադի վարչակարգի դեմ պայքարող երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մի շարք երկրներ, Ավստրալիան, Թուրքիան և այլն։
Հատկանշական է, որ Դամասկոսում ՀՀ դեսպանատունը գործել է Սիրիայում 2010-ականների սկզբին բռնկված արյունալի քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում։
Վերջին իրադարձությունների ֆոնին Դամասկոսից իրենց դիվանագիտական անձնակազմերը տարհանած երկրներն ընդամենը 5-ն են․ ՀՀ-ից զատ դրանց թվում են նաև Իրանը, Իրաքը, Հունաստանը, Բրազիլիան:
Նշենք, որ ավելի ուշ Դամասկոսում դիվանագիտական աշխատանքը վերսկսելու մտադրության մասին են հայտարարել նաև Իրանը և Բրազիլիան:
Բաց աղբյուրներում դեռևս չկան տվյալներ այն մասին, որ դեկտեմբերի սկզբին Դամասկոսը լքած Հունաստանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմը վերադարձել է կամ պաշտոնապես հայտարարվել է դեսպանատան գործունեությունը վերսկսելու մասին։
Զուգահեռներ՝ Կիևում դեսպանատների գործունեության հետ
Նկատենք նաև, որ 2022 թվականի մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին, Կիևում ՀՀ դեսպանատունը ևս տարհանվել էր երկրի համեմատաբար ավելի անվտանգ շրջաններ՝ Լվով և Ուժգորոդ։ Նույն թվականի մայիսից, սակայն, դիվանագիտական անձնակազմը շարունակել էր իր աշխատանքները Ուկրաինայի մայրաքաղաքից։
Միևնույն ժամանակ, Կիևից երկրի անվտանգ շրջաններ են տեղափոխվել բազմաթիվ` ավելի քան 50 երկրների դեսպանատներ, իսկ որոշ երկրներ էլ շարունակել են իրենց դիվանագիտական աշխատանքը Ուկրաինայի սահմաններից դուրս՝ մասնավորապես Լեհաստանում։
Այդ ցանկում էին արևմտյան այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ասիական երկրներից Ճապոնիան, Հվ․ Կորեան և այլն։
Քարտեզում ներկայացված են երկրները, որոնք 2022 թվականի փետրվարին՝ ՌԴ զինված ուժերի ներխուժման պահին, դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Կիևում։
Հատկանշական է, սակայն, որ ի տարբերություն Դամասկոսի, որը վերջին իրադարձությունների ընթացքում գրեթե չի թիրախավորվել, Ուկրաինայի մայրաքաղաքը պատերազմի մեկնարկից ի վեր մշտապես եղել է ռուսական օդուժի հարձակումների թիրախում։
Չնայած սրան, պատերազմի սկզբում հեռացած դեսպանատների զգալի մասը, այդ թվում նաև ՀՀ դեսպանատունը, ամիսներ անց վերաբացվեցին մայրաքաղաք Կիևում։
Նանե Մանասյան
Իրազեկ քաղաքացիների միավորում