Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում զոհերին, այլ նաև կոչ է միջազգային հանրությանը` գիտակցելու ցեղասպանության կրկնվող գործողությունների լրջությունը և քայլեր ձեռնարկելու դրանք ապագայում կանխելու համար

Դեկտեմբեր 27,2024 11:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918–2023» – սա հանրամատչելի ուսումնասիրություն է՝ նվիրված ողբերգական իրադարձություններին եւ հանցագործություններին, որոնք իրականացվել են ավելի քան մեկ դար: Գիրքը բաժանված է վեց մասի, սկսած 1918 թվականի արյունալի իրադարձություններից, որոնք հայտնի են որպես «Բաքվի ջարդեր», և ընդգրկում է առանցքային դրվագներ, ներառյալ.

  • 1919–1920 թթ. Շուշիում հայերի ջարդերը
  • 1988–1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայերի ջարդերն ու տեղահանությունները
  • 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
  • 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները
  • 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը, Արցախի էթնիկ զտումը:

Գիրքը ոչ միայն իրադարձությունների տարեգրություն է, այլ ցեղասպանության, ջարդերի, բռնի տեղահանումների, մշակութային ժառանգության ոչնչացման և պատմական փաստերի սիստեմատիկ ժխտման միջոցով հայերին ոչնչացնելուն ուղղված ցեղասպանական քաղաքականության մանրամասն ուսումնասիրություն: Հատուկ ուշադրություն է դարձվում Շուշիի, Սումգայիթի, Բաքվի ողբերգություններին և Արցախի վերջին իրադարձություններին, երբ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր պապենական հողերը։

Հրատարակումը հնարավոր է դարձել Վրաստանի ինչպես հայ, այնպես էլ ազգությամբ վրացի քաղաքացիների ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ։

Միջազգային ճանաչում և տարածում.

Գիրքը թարգմանվել է անգլերեն՝ հասանելի դարձնելով այն միջազգային լայն լսարանին: Երկու հրատարակություններն էլ՝ վրացերեն և անգլերեն, ստացել են առանձին շտրիխ կոդեր Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանից։

Գրքի անգլերեն տարբերակն արդեն փոխանցվել է Վրաստանում տարբեր երկրների ավելի քան 40 հավատարմագրված դեսպանություններին և ներկայացուցչություններին, ինչը նպաստում է ողբերգական իրադարձությունների մասին միջազգային իրազեկվածության բարձրացմանը։ Նախատեսվում է նաև ուղարկել այն երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցչությունները գտնվում են այլ երկրներում։ Վրացերեն տարբերակը փոխանցվել է Վրաստանի ավելի քան 20 բուհերի գրադարաններ, իսկ ապագայում նախատեսվում է ֆոնդերը համալրել անգլերեն թարգմանությամբ։

Հետագա քայլերը.

Առաջիկա ծրագրերը ներառում են գրքի փոխանցումը պետական հաստատություններին, Վրաստանի հիմնական կուսակցությունների կենտրոնական գրասենյակներին, հասարակական կազմակերպություններին, Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների խմբագրություններին: Սա կօգնի էլ ավելի մեծ ուշադրություն հրավիրել պատմական արդարության պահպանման և նման ողբերգությունների կրկնությունը կանխելու հարցերի վրա։

Գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում զոհերին, այլ նաև կոչ է միջազգային հանրությանը` գիտակցելու ցեղասպանության կրկնվող գործողությունների լրջությունը և քայլեր ձեռնարկելու դրանք ապագայում կանխելու համար:

Վրաստանում հայ համայնքի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031