Աննա Հակոբյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՔԿԾ աշխատակիցների հետ գնացել էր «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց գաղութ։ Տեսանյութում երեւում է, որ Աննա Հակոբյանի ետեւում բանտարկյալ կանայք են նստած՝ բանտային համազգեստով։ Նրանց առաջ ելույթ են ունենում երգիչներ, որոնցից ամենահայտնին Լեյլա Սարիբեկյանն է` Աղվան Հովսեփյանի ամենասիրելի երգչուհին։
Բանտում ամանորյա այս միջոցառումը կազմակերպել եւ տիկնանց այնտեղ հրավիրել էր «Հանուն ազատության» հասարակական կազմակերպությունը։ Տեւական ժամանակ համերգներ չտվող Լեյլա Սարիբեկյանի երգելն իշխանականների առջեւ՝ համացանցում քննարկման եւ քննադատության ալիք է բարձրացրել։ Մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչպես է երգչուհին հայտնվել այնտեղ եւ նախապես գիտե՞ր արդյոք, որ Փաշինյանի կինն այնտեղ է լինելու։
«Կազմակերպել էր այդ կազմակերպությունը, մեկուկես ամիս առաջ հրավիրել էին, սիրով ընդունեցի, գնացի, երգեցի, դրանում դուք վատ բա՞ն եք տեսնում, ես չեմ տեսնում»,- ասաց երգչուհին։ «Ես երգել եմ բոլոր նախագահների ժամանակ, դա վարկաբեկո՞ղ բան է։ Երբ մարդը հրավիրված է, նստել է այդտեղ, ինչ-որ խնդիր ունե՞մ այդ մարդկանց հետ։ Ես ի զորո՞ւ եմ ինչ-որ բան փոխել, կարեւորը՝ շեշտեք, որ ես համաձայնել եմ այդ մարդկանց համար օրը լուսավոր դարձնել։ Իմ անցած ճանապարհը դրա մասի՞ն է խոսում, վիրավորական է ինձ համար»,- հանրային վերաբերմունքին այսպես արձագանքեց երգչուհին։
Կարդացեք նաև
– Դուք չե՞ք իմացել, որ նրանք այնտեղ են լինելու։
– Չէ, չեմ իմացել։
– Որ իմանայիք, կգնայի՞ք։
– Կգնայի, եթե իմանայի, որովհետեւ իրենք չեն ինձ հրավիրել։ Եթե նույնիսկ իմանայի, էլի կգնայի։ Ես ամբողջ իմ կյանքում երգել եմ մարդու համար, բա իմ առաքելությունը ո՞րն է։ Որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչ կյանքով եմ ապրում, ինչի չեմ երգում, ամոթ է ուղղակի, անհարմար է։ Երբ ես երգում եմ «Երկիր հայրենին», եւ բոլորը, ընդհուպ Ձեր ասած պաշտոնյաները, հուզված լսում են, դա դրական բան չէ՞։ Թող իմ երգածը լսեն, ոչ թե ռաբիզ, գուցե իրենց հոգում ինչ-որ լավ բան կառաջանա, վատ բան կա՞ դրա մեջ։ Ես դա արել եմ մեծ սիրով, չեմ էլ տեսել՝ դահլիճում ինչ-որ մեկը կա՞, թե՞ չկա, ես գնացել եմ, այդ կանանց աչքերի մեջ եմ նայել եւ ասել եմ, որ ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ձեր սրտերում մի փոքր լույս վառելու։ Ես էնտեղ ներկա եմ, երգում եմ, մարդիկ էնտեղ են, ես պիտի ասե՞մ` ինչի եք եկել նստել։ Ես Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, բոլոր իշխանավորների ժամանակ երգել եմ, իրենց տիկինները նստած, ես եղել եմ պետական մակարդակի երգչուհի, լավ ստեղծագործող։ Դուք չե՞ք տեսել, որ ես այժմ իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման մեջ ընդգրկված չեմ։ Ինչ այս մարդիկ իշխանության են, իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման չեն հրավիրում, դուք դրանից եզրակացություն չե՞ք անում։ Ես էլի շեշտում եմ, որ ինձ հրավիրել է այդ կազմակերպությունը, ես ո՛չ գումար եմ հարցրել, ո՛չ մի բան։
– Դուք իմացե՞լ եք համերգից հետո, որ տեսանյութը հրապարակվելու է։
– Նայեք, մենք ընդհանրապես չենք իմացել, որ ինչ-որ մարդիկ պիտի ներկա լինեն, ես անակնկալի եմ եկել, նույնիսկ մեր հեռախոսներն են մեր ձեռքից վերցրել, որ երեւի չնկարենք, մենք էլ զարմացանք, թե ինչի։ Պրոցեդուրաներն անցել ենք, ինձ էնտեղ մարդիկ ճանաչել են։ Ես պատրաստ էի թիրախավորմանը, ինձ համար կարեւորն այն է, որ ես դա մեծ սիրով ու սրտով եմ արել՝ տեսնելու այդ մարդկանց ուրախությունը։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում