Երեւանի փողոցները զարմանալի լուռ են՝ աշխարհիկների, սովորական մահկանացուների բերանները պահանջ չեն ձեւակերպում, պաստառներ չկան, թե չենք մոռացել՝ «Տո՛ւն դարձրեք, հայրենի երկիր վերադարձրե՛ք Բաքվի բանտերում անօրեն պահվող մեր 23 ռազմագերիներին»:
2024-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, թե «բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված եւ Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկություններով փաստվում է եւս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որեւէ տեղեկություն չի տրամադրում»: Հայաստանում, աշխարհասփյուռ հայ համայնքներում 2024-ի Տարեմուտից առաջ, այսինքն հե՛նց հիմա, նրանց առողջ վերադարձի համար մի մոմ վառենք, հավատի լույսով հիշենք եւ հիշեցնենք, որ մեր մեծ հայկական ընտանիքում սպասում ենք մեր ռազմագերիների տունդարձին:
#ChristmasWithHostages #FreeArmenianHostages նախաձեռնությունը հուշում է, որ կարելի է նամակներ գրել՝ հիշեցնելով, որ չենք մոռացել, որ հայկական աշխարհասփյուռ մեր համայնքներում աղոթում եւ սպասում ենք նրանց:
Ի՞նչ գրել երբեւէ չտեսած, չճանաչած մարդուն: Ինչպե՞ս սփոփել նրանց մեկուսացած, ընկճված ոգին, երբ հայտնի է, որ գերուշադիր աչքը հսկում է մեր գիրը: Դրական պատմությունների վերհուշը, մշակութային իրադարձություններին անդրադարձը, որեւէ գրքի, ֆիլմի, թանգարանի կամ ընտանեկան ավանդույթի, սովորույթի մասին պատմությունը միգուցե նրանց օգնի բեռնաթափել ծանր առօրյան: Էլեկտրոնային նամակները կարելի է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով՝ [email protected] նշելով գերիների անունները:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում