Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հեղինակաւոր «Փօլ Գեթթի» թանգարանը դեկտեմբերի 15-ին կազմակերպել էր հայ ականաւոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի գլուխգործոցներից թանգարանում պահուող 13-րդ դարի Զէյթունի Աւետարանի էջերի մասնաւոր ցուցադրութիւնը. «Ասպարեզ»

Դեկտեմբեր 27,2024 10:47

Լոս Անջելեսի հեղինակաւոր «Փօլ Գեթթի» թանգարանը, Դեկտեմբերի 15ին կազմակերպել էր հայ ականաւոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի գլուխգործոցներից թանգարանում պահուող 13րդ դարի Զէյթունի Աւետարանի էջերի մասնաւոր ցուցադրութիւնը:

«Գեթթի»ի ձեռագրերի աւագ համադրող (curator) դոկտոր Էլիզաբեթ Մորիսոնը այցելուներին ներկայացրեց ձեռագրերի պատմութիւնը` նշելով, որ իրենց հաստատութիւնը հպարտ է ունենալու հայ Միքելանջելօ համարուող Ռոսլինի աշխատանքներից: Նա պատմեց Աւետարանի մասին, եւ թէ ինչպէս են տուեալ էջերն յայտնուել թանգարանում, այնուհետեւ մանրամասներ ներկայացրեց էջերի կառուցուածքի, գրանիւթի, բովանդակութեան մասին: Զէյթունի Աւետարանը պատկերուած է թանկարժէք մագաղաթի վրայ եւ լի է ռոսլինեան հիասքանչ արուեստին բնորոշ պատկերագրութեամբ ու մանրազնին զարդանախշերով:

«Գեթթի»ում պահուող էջերի պատկերները ոսկեզօծ խորաններ են, որտեղ գերակշռող գոյներն են կապոյտն ու կարմիրը: Իւրաքանչիւր զոյգ խորան ունի համանման, սակայն չկրկնուող զարդային յարդարանք` հիմնական բաղադրիչներով, որոնց թւում են գլխազարդի վրայ խաչի կամ աղբիւրի երկու կողմերում գտնուող թռչուններ, իսկ եզրային մասերում` ծառեր կամ թփեր: Դոկտոր Մորիսոնը տեղեկացրեց, որ Զէյթունի Աւետարանի այս էջերը «Գեթթի» թանգարանում հանրային ցուցադրութեան կարող են ներկայացուել 50 կամ 100 տարուայ ընթացքում ընդամէնը եօթ անգամ` հայ մշակոյթի այս անգնահատելի գանձերի երկարակեցութիւնն ապահովելու նպատակով:

Ձեռագիրը իւրաքանչիւր ժողովրդի հոգեւոր եւ նիւթական մշակոյթի ամենաթանկ յուշարձանն է` տարբեր գիտութիւնների, արուեստների եւ հմտութիւնների համադրման արգասիք: Ամէն ձեռագիր ոչ միայն իր ժամանակի մտածողութիւնն ու պատմութիւնն ամբարող կոթող է, նաեւ` իր ապրած տարիների, դժուարին ճանապարհի կենդանի վկայ: Հնադարեան ձեռագրերից իւրաքանչիւրը փրկուած մի վկայութիւն է մեր կորուսեալ հայրենիքի, երբեմնի շէն բնակավայրերի, ծաղկուն վանքերի, մշակոյթի եւ մեր ժողովրդի մասին:

Հայկական ձեռագրերի շարքում իր իւրայատուկ պատմութեան եւ գեղարուեստական արժանիքների տեսանկիւնից բացառիկ տեղ ունի 1256 թուականին ստեղծուած Զէյթունի Աւետարանը, որը խորհրդանիշն է նաեւ հայի դիմակայելու եւ գոյատեւելու կամքի: Այս մասին էր նաեւ, ցուցադրութիւնից յետոյ, «Գեթթի»ի «Հերոլդ Ուիլեամզ Աուդիթորիում»ում`արուեստի պատմաբան, պրոֆեսոր Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուի հանրային դասախօսութիւնը: «Փրկուած առարկաներ եւ գերեվարուած վայրեր. Արուեստն ու մշակութային ժառանգութիւնը Ցեղասպանութեան ընթացքում» խորագրով ձեռնարկն անցկացւում էր «Գեթթի»ի Հետազօտական հիմնարկի խորհրդի հովանաւորութեամբ, տարին մէկ անցկացուող Թոմաս եւ Բարբարա Գեթգենզ հեղինակաւոր դասախօսութիւնների շրջանակում, որի նպատակն է ներկայացնել համաշխարհային արուեստի պատմութեան ոլորտում կատարուած առաջատար ուսումնասիրութիւնները:

Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն իր բանախօսութիւնը սկսեց 1994 թուականին Նիւ Եորքում ցուցադրուած մանրանկարչական էջերի մասին պատմութեամբ, որոնք ներկայացուել էին որպէս արուեստի գործեր, մինչդեռ, ըստ բանախօսի, այլ կերպ պէտք է ներկայացուէին: «Հայոց Ցեղասպանութիւնն էր պատճառը, որ Զէյթունի Աւետարանից առանձնացուած էջերն ամերիկեան արուեստի ցուցահանդէսի մաս էին դարձել: Ցեղասպանութիւն, որ ոչ միայն մարդկանց բնաջնջումն էր, նաեւ` նրանց մշակոյթի ոչնչացումն ու իւրացումը: Իմ ելոյթում կը խօսեմ ցեղասպանութիւնների ազդեցութեան մասին վայրերի եւ առարկաների վրայ: Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, այն վայրերը, որոնք կապ են ունեցել հայկական մշակոյթի հետ, յատկապէս` հոգեւոր կոթողները, վերացուել են, կամ փոխակերպուել: Այդ վայրերն ու դրանց պատկանող առարկաները, որոնց կոչում ենք վերապրած առարկաներ, այս դէպքում` Զէյթունի Աւետարանի սուրբ էջերը ստացել են «նոր կեանք»` որպէս արուեստի գործեր եւ յայտնուել են թանգարաններում», ելոյթի նախաբանում նշեց Զէյթլեան Ուոթենփաուն:

Զէյթունի Աւետարանը կիլիկեան մանրանկարչութեան հռչակաւոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի կողմից առաջին ստորագրուած Աւետարանն է, որ գրուել եւ ծաղկուել է 1256թ.ին Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի պատուէրով: Աւետարանի պատմութիւնն առանձնայատուկ է, ինչպէս իր գեղարուեստական արժէքը: Դարեր շարունակ, Զէյթունի Աւետարանը ձեռքից ձեռք է անցել, եւ հրաշքով փրկուել կոտորածներից, երկրաշարժներից եւ հայ ժողովրդին պատուհասած այլ արհաւիրքներից: Կաթողիկոսի մահից յետոյ, պահպանուել են Աւետարանի ճակատագրին վերաբերող հետաքրքիր տեղեկութիւններ: Մարաշի մօտ գտնուող Ֆուրնոս բնակավայրի աւերման ժամանակ, նշւում է, որ այն ձեռք է բերում Մահտեսի Յակոբ անուանումով մի անձ, ով Աւետարանը պահ է տալիս Ս. Աստուածածին եկեղեցում: Եկեղեցին, ըստ որոշ աղբիւրների գտնւում էր Զեյթունում, եւ այդ է հաւանական պատճառներից է, որ Աւետարանը յայտնի է «Զէյթունի Աւետարան» անունով: Յատկանշական է, որ Աւետարանին փրկչական ուժ են վերագրել: Բազմաթիւ յարձակումների ժամանակ, երբ գիւղեր ու քաղաքներ են աւերուել եւ մեծաթիւ զոհեր են եղել, ձեռագիրը պահպանողներն անվնաս են մնացել: Ըստ որոշ աղբիւրների, Աւետարանը հետագայում դառնում է Զէյթունի իշխանական տներից մէկի` Սուրէնեան-Բասիլոսեան իշխանների սեփականութիւնն ու պահւում է եկեղեցում: 1915 թ.ին, երբ սկսւում է Զէյթունի գաղթը, իշխանական ընտանիքն ապաստանում է Մարաշում` իր հետ տանելով նաեւ Աւետարանը: Սակայն, Թալէաթի հրահանգով, նրանք քշւում են Դէր Զօր, որտեղ եւ կոտորւում են: Նախապէս տեղեակ լինելով իշխանական ընտանիքի հետագայ ճակատագրից, ոմն Յարութիւն Տէր Ղազարեան, Սուրէնեան իշխանին համոզում է մէկ օրով Աւետարանը յանձնել իրեն, եւ այսպիսով փրկում է գիրքը: Սակայն Մարաշից փախչելու ճանապարհին, Տէր Ղազարեանի քոյրերի մօտ պահ տուած Աւետարանը կորչում է: Որոշ ժամանակ անց, մի թուրք ներկայանում է Մարաշի այդ օրերի հայոց առաջնորդին եւ նրան է վաճառում Աւետարանը` ասելով, որ կրկնուող երազներում իրեն յանձնարարուել էր գիրքը յանձնել: Այսքանով սակայն չի աւարտւում ձեռագրի ոդիսականը, քանի որ որոշ ժամանակ անց, այն յայտնւում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում: 1961թ.ին, Պոլիս կատարած հովուապետական այցի ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա.ը ծանօթանում է սուրբ մատեանին, եւ աւելի ուշ` 1969թ.ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքից այն ստանում որպէս նուէր: Վազգէն Ա.ն էլ այն յանձնում է Մատենադարանին, որտեղ Զէյթունի Աւետարանը գտնում է իր վերջնական հանգրուանը: Շուտով սակայն, պարզ է դառնում, որ ձեռագրից թերթեր են պակասում, այն էլ ամենաարժէքաւոր` խորանների նկարազարդ թերթերը: 1940ականներին պարզւում է կորսուած էջերը գտնւում են Միացեալ Նահանգներում` Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Ադամեաններրի ընտանիքում, որտեղից էլ սկիզբ է առնում այս էջերի ամերիկեան ոդիսականը:

«Միջնադարեան ձեռագրի ժամանակակից կեանքը` ցեղասպանութիւնից մինչեւ արդարադատութիւն սկսւում է 2010 թուականի Յունիսի 1ից, Լոս Անջելեսի Գերագոյն դատարանում: Այդ օրը Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմը «Ջ. Փօլ Գեթթի» թանգարանին դատի էր տուել` պահանջելով վերադարձնել 13րդ դարի հայկական աւետարանի պատկերազարդ էջերը», գրում է Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն իր «Կորած Էջեր» գրքում, որի գրելու դրդապատճառը Զէյթունի Աւետարանի պատմութեան ուսումնասիրութիւնն էր` Կիլիկիան թագաւորութիւնից մինչեւ Արեւմտեան Հայաստան, Սիրիա, Մեսեչուսեց եւ Լոս Անջելես: «Երբ լսեցի դատական հայցի մասին, ցանկացայ մասնակցել ընթացող քննարկումներին, որովհետեւ այն շատ առումներով ինձ էլ էր առնչւում` որպէս արուեստի պատմաբան, «Գեթթի»ի երբեմնի աշխատակից, եւ նաեւ այն, որ Հայոց Ցեղասպանութիւնն իմ անձնական պատմութեան մասն է», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն` «Եու. Սի.» Դէյվիսի Կալիֆորնիայի համալսարանի արուեստի պատմութեան պրոֆեսորը, ում հիմնական հետազօտութիւնները կենտրոնացած են Միջին Արեւելքի դիտողական մշակոյթների, յատկապէս` ճարտարապետութեան ​​պահպանութեան, թանգարանների եւ մշակութային ժառանգութեան պատմութեան ուղղութեամբ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031