Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանն Արցախից բերված ավտոմեքենաների գործով շարունակում է գտնվել վարչական հսկողության ներքո։ Նա մեղադրվում է մի արարքի մեջ, որը փաստացի այսօր ՀՀ իշխանություններն իրենք են սկսել իրագործել։ ՀՀ կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։ Այս որոշումից առնվազն 5 ամիս է անցել, սակայն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շարունակում է գտնվել վարչական հսկողության ներքո` Արցախից բերած ավտոմեքենան շահագործելու համար։
Նա երեկոյան ժամը 7-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը տնից դուրս գալու, որեւէ զվարճանքի վայր, խանութ, որեւէ այլ տեղ գնալու իրավունք չունի։ Սա դատարանն է որոշել, եւ որոշման հսկողությունը դրված է ՀՀ պրոբացիայի ծառայության վրա։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է իբր Արցախից բերված մեքենաներն օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ, ինչի համար նա 20 օրով կալանավորվեց։ Այնուհետեւ «կալանք» խափանման միջոցը փոխվեց 2 ամսով տնային կալանքի: Հետո Վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտը, եւ մերժեց քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ ազատելով Դավիթ Սարգսյանին։ Սակայն Քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը բավարարել է։
Դավիթ Սարգսյանի կինը՝ Էռնա Ջավադյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն իրավունք չունի անգամ իր մանկահասակ երեխայի հետ խանութ գնալ, բանկ մտնել։ «Իրավունք ունի առավոտյան 7-ից երեկոյան 7-ը տնից դուրս գալ, բայց այդ ընթացքում որեւէ զվարճանքի վայր, անգամ խանութ, բանկ գնալու իրավունք չունի։ Թե այս հսկողությունն ինչ օգուտ կամ վնաս է տալիս քրեական գործին, ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում