Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը ուղիղ մեկ շաբաթ է՝ ինչ ստանձնել է Շիրակի մարզպետի դժվար ու պատասխանատու պաշտոնը, արդեն հասցրել է երկու նշանակումներ կատարել հայեցողական պաշտոններում։
Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքից, Դավիթ Առուշանյանը մեկ նոր խորհրդական և մեկ օգնական է նշանակել։ Խորհրդականի պաշտոնում նշանակել է Ազգային ժողովում իր օգնականին՝ Վանիկ Մարտիրոսյանին, որը, սակայն նոր մարդ չէ Շիրակի մարզպետարանում։
Նրան մարզպետարան աշխատանքի էր ընդունել Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետ նշանակվելուն պես։ Վանիկ Մարտիրոսյանը նրա օգնականն էր։
Վանիկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքում էջում նշանակման առթիվ գրել է․ « Ստանձնել եմ Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը՝ լի վճռականությամբ և նվիրվածությամբ մեր մարզի զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը և մեր բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին` վստահության համար»։
Դավիթ Առուշանյանն այս ընթացքում նաև մեկ նոր օգնական է նշանակել ․ Խոսքը Գոռ Սարոյանի մասին է, որը «Բալասանյան դաշինք»-ՔՊ կոալիցիայի ժամանակ որպես ՔՊ-ական նշանակվել էր Գյումրու քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժին պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա մի քանի անգամ հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ։
Նշենք, որ Շիրակի մարզպետը թվով երեք խորհրդականներ և երկու օգնականներ ունի։ Խորհրդականներից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանն է, որը Շիրակի մարզպետարանում սկսել էր աշխատել Հովհաննես Հարությունյանի մարզպետության օրոք։ Նա մնացել է իր պաշտոնում, խորհրդականներից մեկի հաստիքը դեռ թափուր է, օգնականներից մեկն էլ՝ Գևորգ Հակոբյանն է, որին աշխատանքի էր ընդունել Մուշեղ Մուրադյանը։ Նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ