«Արդարություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անլուրջ որակեց Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի՝ COVID-ով հիվանդանալու մասին պատճառաբանությունները: «Եթե սա ընդամենը մեկ անձի հոգեկերտվածքի խնդիր լիներ, կասեինք՝ տղա է, իր համար անկապ բաներ է անում: Բայց մեր բոլորի ամոթն է, որ այս մարդը, ցավոք սրտի, դեռեւս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:
Սա նրա մեռնել-հարություն առնելու, ժամը մեկ COVID-ով վարակվելու եւ լավանալու ունիկալ գենոմի մասին:
Բայց մենք երեկ տեսանք, որ վթարի ենթարկվեց Բաքու-Գրոզնի ինքնաթիռը: Երեսունից ավելի զոհ կա: Եվ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց ցավակցել Ադրբեջանին՝ վթարի եւ զոհերի կապակցությամբ: Ես նորից թերթեցի մամուլը փորձելով հիշել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ցավակցեց, երբ որ Ստեփանակերտի մոտ բենզալցակայանի պայթյուն տեղի ունեցավ եւ մի քանի հարյուր հայ մոխրացավ: Ոչ:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ցավակցեց, երբ որ Սուրմալուում իրենց մեղքով պայթյուն տեղի ունեցավ եւ քաղաքացիներ մահացան, մահացավ նաեւ երիտասարդ մի հղի կին իր մանկահասակ երեխայի հետ միասին: Ոչ:
Կարդացեք նաև
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը սգո օրեր հայտարարեց 44-օրյա պատերազմի զոհերից հետո: Ոչ:
Բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանը շտապեց ցավակցել Ադրբեջանին: Կրկնում եմ, Ստեփանակերտի մոտ մի քանի հարյուր հայ մոխրացավ, որոնցից 22-ի մոխիրները, դին մինչեւ հիմա չեն կարողանում գտնել: Նրանց ծնողները պարբերաբար ինձ զանգում, ասում են, որ իրենց որդիները գուցե ողջ են, գուցե նրանց Ադրբեջանի շտապ օգնության մեքենաներով են տարել: Որեւէ մեկը այդ մարդկանցով, թե ինչ եղան այդ 22 անձինք, որ անհետ կորած են, չի զբաղվում: Սա խայտառակություն է, սա ամոթ է՝ չունենալ ապրումակցում, չունենալ կարեկցանք, չունենալ էմպատիա սեփական ողբերգությունների հանդեպ, որի պատճառը դու ես:
Ես երբեմն մտածում եմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչի չի ցավակցում: Որովհետեւ դրա պատճառը, դրա մեղավորը ինքն է: Հո ինքը չի՞ կարող ցավակցել մի բանի համար, որի թիվ մեկ մեղավորը եւ թիվ մեկ պատասխանատուն ինքն է: Եվ ինքը հիմա փակուղու մեջ է: Ինքը իր սեփական դավաճանությունը դարձրել ակցիոներական ընկերություն եւ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով, փորձում է բոլորին բերել եւ սարքել դավաճանության ակցիոներ: Այն նախագահներին, որոնց ժամանակ ազատագրվել է Արցախը, որոնց ժամանակ մենք ունեցել ենք երկու անկախ եւ ուժեղ հայկական պետություն, որոնց ժամանակ մենք ունեցել ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ինչը բազմիցս արձանագրել է նաեւ Ալիեւը:
Ես ուզում եմ շատ կարճ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 30 տարի բանակցությունները վարվել են, թե ինչպես Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Մեզ հետեւող մեր հայրենակիցների մեջ անմեղսունակներ չկան: Պատկերացնո՞ւմ եք, 30 տարի մեր իշխանությունները ամեն օր զանգում էին հայր եւ որդի Ալիեւներին, ասում՝ այսօր հարմա՞ր է, էս շաբաթ-կիրակի հարմա՞ր է: Ազատագրեցինք Արցախը, փոշմանել ենք, ուզում ենք հետ տանք: Ե՞րբ պայմանավորվենք մի հատ խաշի սեղանի շուրջ Արցախը հետ տանք: Եվ 30 տարի Հեյդար Ալիեւը, հետո՝ Իլհամ Ալիեւը ասում էին, չէ, պահեք ձեզ: Մենք սպասում ենք: 30 տարի հետո կգա Նիկոլ Փաշինյանը, նոր կվերցնենք:
Սա միայն անամոթ սուտ չէ: Սիրելի ժողովուրդ, ես ինձ վատ եմ զգում, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ձեր մեջ կան այնքան անմեղսունակներ, որոնք էդ տխմար տարբերակին կհավատան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ