Համացանցում ակտիվ շրջանառվում է Տավուշի մարզկենտրոն Իջևանի արտաքին տեսքը, որը զուրկ է տոնական տրամադրությունից: Քաղաքում բացակայում է տոնածառը, ամանորյա լուսավորությունը:
Aravot.am-ին Իջևանի համայնքապետարանից իրավիճակը պարզաբանեցին հետևյալ կերպ. «Իհարկե հասկանում ենք բնակիչների և հատկապես փոքրիկների արդարացի դժգոհությունը, բայց խնդիրը կապված է որոշակի ընթացակարգերի հետ: Տոնական զարդարանքի, ինչպես նաև ամանորյա համերգ կազմակերպելու համար, օրենքով սահմանված կարգով, համայնքապետարանը հայտարարել էր մրցույթ:
Մրցույթը շահող կազմակերպությունը պարտավորվել է մինչև դեկտեմբերի 27-ը ավարտել քաղաքի զարդարման և տոնածառի տեղադրման աշխատանքները: Այնպես որ խոստանում ենք դեկտեմբերի 27-ին ունենալ գեղեցիկ քաղաք, իսկ դեկտեմբերի 29-ին` տոնական մեծ համերգ: Ուշ, բայց ո’չ ուշացած՝ ամեն ինչ արվելու է քաղաքացիների ամանորյա տրամադրությունն ապահովելու համար»:
Լուսանկարը` Իջևանի համայնքապետարանի պաշտոնական էջից