Հնարավոր փաստաթուղթը չի կարող լինել խաղաղության պայմանագիր, լավագույն դեպքում լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ կարգավորման փաստաթուղթ․ «Մեդիա կենտրոնում» կայացած «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող փաստաթղթին, որը ՀՀ իշխանություններն անվանում են Խաղաղության համաձայնագիր։
Բանախոսի փոխանցմամբ, խաղաղության համաձայնագիրն առավել լայն շրջանակ պետք է ներառի․ «Առնվազն սկզբունքային մակարդակում պետք է անդրադարձ լինի հակամարտության բոլոր հիմնական հարցերին։ Գերիների հարցը ամենափոքր հարցերից է եւ ամենահեշտ լուծվողներից։ Մենք ունենք Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, Արցախի ժողովրդի սեփականության պաշտպանության հարցը, մշակութային ժառանգության պաշտպանության հարցը: Մի շատ մեծ կտոր արդարադատության հարցն է ամբողջ հակամարտության ընթացքում: Թե դա կլինի ուղղակի ճշմարտության հանձնաժողովի միջոցով՝ պատմական փաստերը ամրագրելով, փոխադարձ հաշտեցման գործընթաց մեկնարկելով, թե միջազգային քրեական դատավարական գործընթացներ սկսելով, թե այլ ուղղություններով, դա պետք է քննարկել քաղաքական մակարդակում: Բայց այս հարցերը չպետք է անտեսվեն»։
Արտակ Բեգլարյանը խնդիր է համարում նաեւ հակամարտության բուն գաղափարախոսական հիմքը, որը Ադրբեջանում տիրապետող հայատյացության պետական քաղաքականությունն է. «Առայսօր Ալիեւը ոչ միայն պահպանում է, այլ նաև ավելի է ակտիվացնում, ինտենսիվացնում այս քաղաքականությունը: Այս պետական գաղափարախոսության առկայության պայմաններում ուղղակի հնարավոր չէ խաղաղության մասին խոսել, դա ծաղր է։ Միջազգային միջնորդներն ու Հայաստանի իշխանությունները, որոնք անտեսում են այս հարցերը, իրենք ուղղակի երկարաձգում են հակամարտության թեժ փուլը, բայց Ալիևը դա չի հետաձգում: Ալիևը շատ լավ գիտակցում է, որ այս բանակցությունները, և միգուցե մեկ օր դրա ստորագրումը, ուղղակի մարտավարական հաջողություններ են իր համար և ոչ ավելին, սակայն ինքը պահպանելու է հայատյացության քաղաքականությունը, եթե դրա դեմ շատ ակտիվ գործողություններ չկատարվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ