Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը «մինչեւ այրան վերջին կաթիլը պայքարելու է, որ դաչաների տարածքը չլինի Ադրբեջանի կազմում»․ Հայկ Մամիջանյանն ամփոփում է 2024 թվականը

Դեկտեմբեր 26,2024 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են լինելու․ այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անցնող տարվա ամփոփումների առանցքային չորս հարցերից առաջինը բանախոսն անդրադարձավ Տավուշի մարզից Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքից չորս գյուղի հանձնմանը․ «Բոլոր այն ձեւակերպումնեը, որոնք դրա վերաբերյալ անում է Փաշինյանը, շատ նման են այն տարբերակին, որ այսօր նրանք կանգնեն ասեն՝ Աղազարյան Հովիկը, Ասլանյան Հակոբը երբեք ՔՊ-ական չեն եղել, երբեք ՔՊ խմբակցության մեջ չեն եղել, ո՞վ ասաց, որ նրանք ֆրակցիայից են դուրս եկել»։

Կրկին պնդելով, որ ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի շփման գծի այդ հատվածը Հայաստանի ամենապաշտպանված հատվածն էր, Հայկ Մամիջանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն այդ հատվածում շատ արագ նոր ամրություններ է կառուցել, որը դժվար թե պաշտպանական նպատակով է։

Պնդելով, որ ՀՀԿ-ն կողմ է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման գործընթացին, Հայկ Մամիջանյանն անտրամաբանական որակեց սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը, քանի որ առողջ տրամաբանության համաձայն՝ սահմանազատումը պետք է սկսվեր այն հատվածներից, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը․ «Իրենք չգիտեն, թե որն է լինելու երկրորդ սահմանազատվող հատվածը, նույնիսկ որպես երկրորդ հատված Ջերմուկն ընտրված չէ։ Այսինքը, փաշինյանենց մեկ է, որ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի հանրապետության սուվերեն զորքերն են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ, ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում այլ պետությունների եւ կառույցների միջնորդական ջանքերից և ապավինում են միայն Թուրքիային։ Այս համատեքստում, Թուրքիայի ղեկավարի նվեր-գիրքը ՀՀ վարչապետին Հայկ Մամիջանյանը պատկերավոր է բնորոշում․ «Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը մոտավորապես նույնն էր, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրի»։ Հայկ Մամիջանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Էրդողանի գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են։

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր չունի, բացառությամբ մեկի՝ կառավարական ամառանոցների տարածքից․ «Իր համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է։ Ինքը մինչեւ այրան վերջին կաթիլը պայքարելու է, որ դաչաների տարածքը չլինի Ադրբեջանի կազմում»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումների մասին Հայկ Մամիջանյանի դիտարկումները, այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահի հրապարակած վերջին պահանջներին ու Նիկոլ Փաշինյանի արձագանքին, հետեւյալն են․ «Լավ, ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ, սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է։ Քանի կար ասում էր՝ ՀՀ սուվերեն տարածքն է իր կարմիր գիծը․ գնանք Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք։ Ինքն է ասում՝ 200 քառ. կմ օկուպացված է, փաստորեն, դա էլ իր կարմիր գիծը չէ։ Ես գիտեմ՝ որն է նրա կարմիր գիծը, ինքը մինչեւ վերջին կաթիլը ատամներով պայքարելու է, որ դաչաների տարածքը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Իր համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է»։

Հայկ Մամիջանյանը նաեւ նկատեց՝ հետաքրքիր է, թե ոնց է Փաշինյանը կատարում Ադրբեջանի պահանջները. «Ասում են Սահմանադրություն փոխեք, ասում է՝ ոչ, ոչ մի դեպքում։ Կփոխենք, բայց մեր ցանկությամբ։ Այս ամենը մեկ բացատրություն ունի․ Փաշինյանին հաջորդ ընտրություններին մասնակցելու համար մի թուղթ էլ է ավելանում՝ Ալիևի ստորագրությամբ։ Ալիևն իր ավտոգրաֆը պետք է տա, որ ինքը մասնակցի՝ կարեւոր չէ՝ հերթական, թե արտահերթ։ Դրա հետևից էլ ընկած է։ Խաղաղության պայմանագիր էլ ձեւակերպված է, որտեղ խաղաղության որեւէ հարց չկա»։

Մանրամասները տեսանյութում․

Ասուլիսն ամբողջությամբ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031