Այնպես չէ, որ արհեստական բանականությունը`ԱԲ (անգլ.` artificial intelligence, AI) արվեստին, ստեղծագործական ոլորտին և ընդհանրապես մշակույթին նոր ժամանակներում է անդրադառնում: Մշակույթը ամեն նոր երևույթի համար մշտապես ազատ փորձադաշտ է եղել և հենց իր ազատության բերումով միշտ էլ առաջին փորձերի, դրսևորումների ասպարեզ է եղել: Մանրամասների խճճանքի մեջ չմոլորվելու համար միայն նշենք, որ վիճելի կամ «անհանդուրժելի» արվեստի բազում երևույթներ վաղուց արդեն անցյալում են. այնպիսիք, ինչպես օրինակ՝ համակարգչային գրաֆիկայի ցուցահանդեսները կամ էլեկտրոնային երաժշտության անթիվ ու անհամար «ստեղծագործությունները»: Կինոն վաղուց է հազարավոր հնարքներ իրականացրել ու հիմա նոր աստիճանների է անցնում: Առանց արհեստական բանականության մասնակցության էլ բնականի ու բանականի ներքին մարտերը արվեստում վաղուց են հայտի, իսկ այ արդեն մարդու ներքին աշխարհից դուրս գործող, մարդուց անկախ ու անկախացած բանականության որոշիչ դերն արվեստում, իրականում սվիններով է ընդունվում մարդկության մեծամասնության կողմից, հիմնականում համարելով, որ արհեստական բանականությունը անբնական է, անմարդկային է, անզգա է, և հեռու է զգացմունքային-հուզական (էմոցիոնալ) ազդեցություն թողնելուց, որն արվեստում, թեև ոչ առաջին, բայց գլխավոր դեր ունի:
Մինչ մարդիկ տարբեր ու իրարամերժ կարծիքներ են հայտնում մեքենայական խելքի վերաբերյալ (artificial intelligence, AI-բառացի թարգմանություն- մեքենայական խելք, միտք, ինտելեկտ), մեքենաները շախմատով հաղթում են աշխարհի չեմպիոններին (1997թ. Համակարգիչ-Գարրի Կասպարով), իսկ վերջերս էլ ԱԲ-ը հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ բոքսի գլխավոր մրցավար (2024թ. ՈՒսիկ-Ֆյուրի մարտ):
Մեր երկրում սպորտը վաղուց է մերձեցված մշակույթին, դրա համար հանգիստ այս օրինակները բերում ենք: Ինչ վերաբերում է «մաքուր» արվեստին, ապա դիզայներները օր առաջ են օգտվում բոլոր տեսակի տեխնիկական-մեքենայական-համակարգչական-արհեստական- նորարարական և ամենանոր ծնվող ու ամենաաբսուրդ, ամենաստեղծ համարում ունեցող, անբնական բանականությունից, որ շատ բնական են համարում:
Ինչ վերաբերում է գովազդային դաշտին` կլինի կինո, poster, հոլովակ, թե պիտակ, արագ, որակով ու ինքնատիպ լինելու համար պարզապես «պատվիրում են» համակարգչին ու անցնում իրենց գործին: Մեքենան (artificial I ) արագ, առանց վիճաբանությունների, տեղը-տեղին, ժամանակին ամեն ինչ անում է առանց քննարկումների ու սակարկությունների:
Կարդացեք նաև
Հիմա անդրադառնանք օպերային թատրոնի արհեստական բանականությամբ ստեղծված ազդագրերին: Կապվեցինք թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանի հետ: Նախ հետաքրքրվեցինք` որտեղից ծագեց այդ միտքը, որն անկասկած առաջին անգամ է հայաստանյան իրականությունում, և բնականաբար տարակարծությունների ալիք է առաջացրել թե մասնագիտական դաշտում, և թե հանդիսատեսի շրջանում:
«Օպերային թատրոնի ընթացիկ, 92-րդ թատերաշրջանի մեկնարկից ի վեր ստեղծագործական թիմը սկսեց մտածել թատրոնի աֆիշների գրաֆիկական լուծումների փոփոխության ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ աֆիշները հանդիսատեսի ու լսարանի ներգրավման կարևոր գործիքներն են, հաճախ հենց դրանք են առաջացնում ներկայացման նկատմամբ հետարքրքություն կամ հենց աֆիշներն են դարձնում ներկայացումը ճանաչելի ու վաճառվող։ Եվ սա հաշվի առնելով, մենք նպատակ ունեինք նորովի ներկայացնել մեր թատրոնի խաղացանկային ներկայացումները։ Իհարկե, ռիսկային էր սիրելի ու արդեն ճանաչելի դարձած աֆիշների փոփոխության մասին մտածելը, բայց գնացինք այդ քայլին։ Եվ այդ շրջանը զուգադիպեց Օպերային թատրոնի բակում՝ Ազատության հրապարակում անցկացվող «Գիտության շաբաթ» միջոցառմանը, որի կազմակերպիչների հետ մենք մշակեցինք «ԳիտԱրվեստ» խորագիրը, ցուցադրեցինք մեր թատրոնի ներկայացումների աֆիշները՝ գիտական թեմատիկայով պատրաստված։
Նորովի ներկայացրինք «Արշակ Բ», «Մադամ Բաթերֆլայ», «Բոհեմ» օպերաների, «Դիմակահանդես», «Կարապի լիճը», «Գայանե» բալետների աֆիշները։
Առաջին անգամ սկսեցինք կիրառել արհեստական բանականության գործիքակազմը նման պատասխանատու եւ ստեղծագործական պրոցեսում»,- հայտնեց տիկին Ահարոնյանը։
Ինչ խոսք, համարձակ մոտեցում է, ժամանակակից լուծում, ավանդական, արդեն ընդունված ու սիրված ազդագրերի ձևավորման գործում։ Հարցին, թե ինչպիսին են եղել արձագանքները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք, իհարկե պատրաստ էինք հնարավոր քննադատություններին։ Ի վերջո, ընդունենք, որ մեր հասարակությունը պահպանողական է նմանատիպ հարցերում, սակայն արդյունքն այնքան գունեղ ու այնքան նորարարական էր, որ ողջ քաղաքը սկսել է խոսել օպերայի աֆիշներից։ Մենք ունեինք պայմանավորվածություն, որ նոր պաստառները կախված կլինեն միայն միջոցառման ընթացքում, այնուհետեւ կշարունակենք կիրառել մեր ավանդական աֆիշները։ Այդ ընթացքում շատ արձագանքներ ստացանք հատկապես «Կարապի լիճը» բալետի աֆիշի մասին:․ Տասնյակ զանգեր ու հաղորդագրություններ էինք ստանում, մարդիկ հայտնում էին իրենց հիացմունքն ու տպավորությունը նոր աֆիշից։ Արհեստական բանականությունը պատկերել էր բալետային արտիստներին ամբողջովին ջրի կաթիլներից կազմված…»:
Զրույցի ավարտին, կանխելով հարցը Ռոնա Ահարոնյանն ասաց. «Որքան էլ արհեստական բանականությունը հեշտացնի աշխատանքը, լինի հարմար գործիք, կարողանա ապահովել ցանկալի վերջնարդյունք, բայց չի կարելի անտեսել մարդկային ստեղծագործ միտքը։ Աշխատանքային պրակտիկան ցույց է տալիս, որ առանց պրոֆեսիոնալ մոտեցման հնարավոր չէ օգտագործել նման գործիքներ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ