Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հերթական խայծն է առաջարկել, որը ՀՀ-ն կարող է օգտագործել՝ ռազմագերիների հարցը բանակցությունների թեմա դարձնելու համար․ Արտակ Բեգլարյան

Դեկտեմբեր 26,2024 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան եւ Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում: Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ դա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որ հետագայում կարող է դառնալ լրացուցիչ քաղաքական լծակ՝ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի դեմ։ Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ Արտակ Բեգլարյանը կարծիք հայտնեց, որ այս առաջարկով Բաքուն Երեւանին փորձում է դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը մերժող լինի եւ ապակառուցողական դիտվի միջազգային հանրության կողմից։ Միաժամանակ փորձում են «ձեւ տալ», թե իրենք պատրաստ են համագործակցության։ Ամեն դեպքում, Արտակ Բեգլարյանի կարծիքով, ՀՀ-ի համար սա առիթ է՝ գերիների, ռազմագերիների հարցերում ավելի նախաձեռնողական լինել՝ հարցը բանակցությունների թեմա դարձնելով։

«Սա նաեւ հնարավորություն է քննարկել հակամարտության ընթացքում՝ 1980-ականների վերջից ի վեր, այն բոլոր հնարավոր մեղադրանքները՝ փոխադարձ, որոնք ունենք, այդ թվում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո այն հնարավորությունը, որ ՀՀ-ն պետք է քննարկի ՄՔԴ հետաքննության հարցերը»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ-ն նման հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա կտանի փակուղի եւ ադրբեջանական կողմը ինքը հարցը կմերժի, քանի որ իրենք պատրաստ չեն որեւէ հարցում համագործակցության, բայց ՀՀ-ն հնարավորություն կունենա ավելի հիմնավորված եւ փաստարկված ներկայացնի Ադրբեջանում գերեւարվածների մեղքի բացակայությունը եւ ադրբեջանական կողմի կատարած հանցագործությունները եւ դրանց հետաքննության անհրաժեշտությունը։

Ըստ բանախոսի, այս ամենը քաղաքական բանակցությունների թեմա է։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանի կարծիքով էլ, ադրբեջանական կողմի առաջարկը ծաղր է եւ ձեւական բնույթ է կրում, մանավանդ այս փուլում, երբ քրեական գործն ուղարկվել է դատարան․ ենթադրյալ համագործակցությունը մինչ այդ պետք է լիներ։ Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, չկա հրապարակային որեւէ տեղեկատվական աղբյուր, որի միջոցով տեղեկություններ կստանանք հարուցված քրեական գործերի մասին՝ «փազլի նման հավաքում ենք»։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների հայտարարությունից միայն գիտենք, որ հասանելիությունը խիստ սահմանափակված է։

Նրա կարծիքով, ՀՀ իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ սա քաղաքական հետապնդում է, մինչդեռ այս պահին հրապարակային տեղեկություններ չկան, որ ՀՀ իշխանությունն այդ դիրքորոշումն է որդեգրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ COP 29-ը հնարավորություն էր, որ Ադրբեջանի կողմից կատարված կամ կատարվող հանցագործությունները, իրավախախտումները լուսաբանվեն միջազգային լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, բայց մենք տեսանք, որ հիմնականում իրավապաշտպան կամ բնապահպանական կազմակերպությունները, լրատվամիջոցները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Ադրբեջանի ներքին մարդու իրավունքների խնդիրներին, բռնաճնշումներին, ներքին քաղբանտարկյալներին, քան հայերի հանդեպ տեղի ունեցած հանցագործություններին․ «Դա և բռնի տեղահանումն է, և շրջափակումը, և այնտեղ գտնվող գերիները, բռնի անհետացած անձինք: Այո, որոշ չափով սփյուռքի տարբեր կառույցների աջակցությամբ, հայաստանյան քաղհասարակության աջակցությամբ որոշակի ձայն կարողացել ենք բարձրացնել, բայց քանի որ այստեղ ՀՀ իշխանությունները ընդհանրապես որևէ նախաձեռնող քայլ չեն կատարել, որևէ ձևով չեն աջակցել, նույնիսկ երբեմն խանգարել են, նաև այդ պատճառով մենք չենք կարողացել ավելի շատ մեր ձայնը բարձրացնել և ավելի կազմակերպված կերպով քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա»։

Թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ իր դիրքորոշումը սկսեց ավելի հստակեցնել Բաքվում տեղի ունեցած COP 29-ից հետո, երբ ադրբեջանական դիրքորոշումներն ավելի քննադատելի դարձան միջազգային հարթակներում՝ տեսանյութում:

Ի դեպ, Արտակ Բեգլարյանը նաեւ հստակեցրեց՝ փաստաբանների հասանելիության առումով բոլոր ռազմագերիներն են նույն վիճակում, ընտանիքները կապ չունեն իրենց հարազատների հետ, երբեմն շատ հակիրճ զանգ են ունենում, նրանք քրեական գործից չեն ցանկանում խոսել, ընտանիքները չգիտեն, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրված իրենց հարազատներին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031