Բոլոր գործերը կարված են․ Ռուբեն Վարդանյանն էլ, Բակո Սահակյանն էլ, Արկադի Ղուկասյանն էլ եւ Բաքվում գերեւարված Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարները՝ Արցախի եւ արցախցիների քաղաքական պայքարի առաջնորդներն են եղել․ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա տեղեկացմամբ, այս պահին Բաքվում գտնվող 16 ռազմագերիներ են, որոնք չեն դատապարտվել, որոնց վերաբերյալ քրեական գործերն ինչ-որ ընթացքում է։ Բայց քանի որ Ռուբեն Վարդանյանի մասով Բաքվից առանձին հայտարարություն է եղել՝ մեղադրանքն ընդլայնելու մասին, որով նրան ցմահ ազատազրկում է սպառնում, Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները կարծես հատուկ բացասական վերաբերմունք են ցուցաբերում հատկապես Ռուբեն Վարդանյանի հանդեպ՝ հավանաբար հաշվի առնելով, որ նրա ընտանիքը եւ պաշտպանական թիմն ավելի հանրայնորեն եւ ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով` նրա դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հասցնելով 45-ի :
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանի դիտարկմամբ, հատկանշական է, որ Բաքվից՝ հայ ռազմագերիներին վերաբերվող ցանկացած հայտարարությունից հետո, ավելի սակավ է դառնում այդ մարդկանց մասին տեղեկությունը, միայն հայտնի է դառնում, որ նրանց խափանման միջոցներն են երկարացվել։ Նա նաեւ նկատում է՝ եթե նախկինում մեղադրանքներն անհատականացված էին, հիմա, 15-ի գործը դատարան ուղարկելու վերաբերյալ Բաքվի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այժմ ավելի ընդհանրականացված է մեղադրանքը․ այդ մարդկանց 1987 թվականից եղած բաներ են մեղսագրվում։ Ադրբեջանում արցախյան հակամարտությանը վերաբերվող շուրջ 2000 քրեական գործ կա հարուցված, իրավապաշտպանի տպավորությամբ, կարծես բոլոր մեղադրանքներն ընդհանրականացվել են այս անձանց շուրջ։ Նրանց վերագրվում են մոտ 1500 դրվագով մեղադրանքներ։
Բանախոսի դիտարկմամբ, 2020-ից ի վեր մենք փաստագրում ենք, որ արդար դատաքննության իրավունքի որեւէ երաշխիք Բաքուն չի տալիս։
Մանրամասները՝ տեսանյութում
Քննարկումն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ