Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի 2024 թվականի աշխատանքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:
Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջունի խոսքով. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները: Այս հաստատությունը մեծ ընտանիք է, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերում է որպես առաքելության: Շնորհակալ եմ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար»։
Տոնական միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները:
Կարդացեք նաև
Խոսքով է հանդես եկել Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցվել է Կարեն Անդրեասյանի բարեմաղթանքը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը:
Պարգևատրման արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին ևս փոխանցվել են հուշանվերներ:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված ֆիլմը։
Երեկոյի ավարտին շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես են եկել աշխատակազմի ներկա և նախկին ներկայացուցիչները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ