Լրահոս
Օրվա լրահոսը

Հեյդար Ալիև. «Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի». «Փաստ»

Դեկտեմբեր 26,2024 09:30

Միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։

Հետաքրքիրն այն է, որ 1994 թվականից հետո միջնորդների կողմից հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ են եղել, որոնք արտացոլում էին նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնկրետ տարրերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մերժեց 1998 թվականին միջնորդների կողմից ներկայացված «Ընդհանուր պետության մասին» առաջարկը։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այս առաջարկի հետ կապված հայտարարել էր. «Համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»:

Դրանից հետո ևս այլ տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ նաև Կազանյան տարբերակը, որը շատ մոտ էր իրականացմանը։ Ընդ որում, Կազանի փաստաթղթում խոսվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, անվտանգության երաշխիքների ու ազատ կամարտահայտության մասին։

Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։ Դրանից հետո էլ միջնորդի դերում հանդես եկող կողմերը փորձում էին փոխադարձ զիջումների վրա հիմնված այլ լուծում առաջարկել։ Պատահական չէ, որ 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ հայտարարությունը հո հենց այնպե՞ս չէր։

Նույնը վերաբերում է նաև հետագա առաջարկներին, որոնք հայտնի են «Լավրովի պլան» անվանումով։ Ընդ որում, անվտանգության գոտին կազմող 7 տարածքից 5-ը հանձնվելու էր, իսկ մյուս 2-ը հանձնվելու էր միայն այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակն արդեն կհստակեցվեր։ Դրա համար էլ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էր, որ այդ պլանի հետ իրենք ևս չեն համաձայնել, քանի որ անվտանգության գոտու 2 տարածքները հավերժ մնալու էին Արցախի կազմում։ Ու անգամ մի դեպք էլ եղավ, երբ ռուս համանախագահը Փաշինյանին կոնկրետ պատասխանեց, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել է քննարկումների սեղանին։

Այսինքն, փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման թեման միշտ օրակարգում է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը թեման մանիպուլացնում է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031