Քանի որ 2025-ը նախընտրական տարի է, արդեն ուրվագծվում են այն ուղղությունները, որոնցով աշխատելու է իշխանությունն իր քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքում: Հասկանալի է, որ հիմնական քարոզչական թեզերն են լինելու.
1/ «Ղարաբաղը վաղուց հանձնած-պրծած էր,
2/ Փաշինյանը պայքարում է Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ նրա ընդդիմախոսները, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ծայրագավառ»:
Առաջին թեզի մասին այս օրերին շատ է խոսվել չկայացած բանավեճի հետ կապված, իսկ երկրորդը ենթադրում է հակառուսական հիստերիայի թեժացում, որին «շախ են տալու» ՔՊ-ի «արեւմտամետ» արբանյակները: Ընդ որում, ես համաձայն եմ այն գործընկերների հետ, որոնք գտնում են, որ Փաշինյանն իրականում տանում է Հայաստանը «ծայրագավառի» ուղղությամբ, եւ, եթե դա տեղի ունենա, ապա նրանք, ովքեր այժմ հայհոյում են ռուսներին, կասեն՝ «դե, ուրիշ ձեւ չէր կարա լինել, ամեն ինչ դրան էր գնում»: Այդ գավառական ճակատագրապաշտությունը, ցավոք, հատուկ է ոչ միայն պարզ քաղաքացիներին, այլ պրոֆեսորներին եւ ակադեմիկոսներին: Իրականում, բարեկամներ, ամեն ինչ պարտադիր չէ, որ գնա ամենավատ սցենարով՝ ձեր շեֆն է իր խելահեղ քայլերով նպաստում պետականության փաստացի կորստին:
Կարդացեք նաև
Քարոզչական երկրորդ ուղղությունն է, իհարկե, «նախկինների» թեման. «Արա ախպեր, մինչեւ Սերժն ու Ռոբը չնստեն, էս երկիրը խելքի չի գա»: Ի դեպ, դա նույնպես, ոչ այդ բառերով, կրկնում են Փաշինյանի «կառուցողական քննադատները»: 2025-ին ակտիվանալու են «նախկինների» դեմ քրեական գործերը եւ դատերը: Արվելու են «սենսացիոն բացահայտումներ»:
Կազմակերպչական աշխատանքի առումով, կարծում եմ, քայլեր են ձեռնարկվելու ՔՊ-ն «թարմացնելու» ուղղությամբ: Այդ տեսանկյունից պետք է մոտենալ «Կրթվելը նորաձեւ է» անունով միջոցառումների շարքին, որը կրթվելու հետ, բնականաբար, ոչ մի կապ չունի: Դա ՔՊ-ի նախընտրական նոր ցուցակը կազմելու մեխանիզմ է: «Քասթինգն» անցնելու են նրանք, ովքեր օճառն ավելի առատ են օգտագործելու: Ասեմ, որ այդպես էր ոչ միայն Փաշինյանի ժամանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ