Կոմպոզիտոր, դաշնակահար, տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր Արփինե Կալինինան իրականացնում է տարբեր միջմշակութային նախագծեր: 2015 թ.-ին նախաձեռնել և ց՛այսօր իրականացնում է բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ նախագիծը, որի շրջանակում բրիտանացի տաղանդավոր կոմպոզիտորներ երաժշտություն են գրել հայ պոեզիայի (Ավ. Իսահակյան, Վ. Տերյան, Մ. Մեծարենց, Ե. Չարենց, Վ. Դավթյան) հիման վրա: Արփինեն շարունակում է ընդլայնել իր միջմշակութային գործունեությունը:
Վերջերս Գերմանիո Հայոց Առաջնորդության հրավերով նա Գերմանիայում էր և Քյոլնի գլխավոր տաճարին կից Domforum սրահում ներկայացրեց գերմանական և հայկական երաժշտական կամուրջ համերգը՝ գերմանաբնակ հրաշալի սոպրանո Անուշ Նազարյանի հետ:
– Արփինե, խնդրեմ պատմեք այս միջմշակութային ծրագրի և Անուշ Նազարյանի հետ Ձեր համագործակցության մասին:
– Սոպրանո Անուշ Նազարյանը Գերմանիո Հայոց Առաջնորդարանի «Կոմիտաս» երգչախմբի խմբավարն է: Անուշին ճանաչում եմ պատանեկան տարիքից: Միմյանց հետ համագործակցել ենք երկար տարիներ՝ կոնսերվատորիայում մեր ուսումնառությունից սկսած՝ մինչև 2010 թ.-ը՝ մինչ Անուշի Գերմանիա մեկնելը: Նա եղել է իմ այդ տարիների վոկալ ստեղծագործությունների առաջին և անզուգական կատարողը, որի հետ համագործակցությունը ինձ շատ է հարստացրել որպես կոմպոզիտոր և դաշնակահար: Քանի՜-քանի ստեղծագործություն եմ գրել հատուկ Անուշի սրտահույզ ձայնի համար, ներառյալ՝ Ստեֆան Ցվայգի «Սրտի անհամբերությունը» վեպի հիման վրա գրված համանուն դիպլոմային աշխատանքս … Անուշը եղել է նաև կոնսերվատորիական տարիներին իմ հիմնած հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի մենակատարը: Միասին տվել ենք բազմաթիվ համերգներ՝ ներառյալ 25 համերգ-դասախոսությունից բաղկացած Կոմիտասյան համերգաշարը:
Կարդացեք նաև
Ինձ համար հուզիչ էր 14-ամյա դադարից հետո հանդես գալ Անուշի հետ նույն բեմում: Կատարեցինք հայ և գերմանական դասական երաժշտություն՝ Յ.Ս. Բախ, Ֆ. Շուբերտ, Ռ. Շուման, Կոմիտաս, Ռ. Մելիքյան, ինչպեսև իմ ստեղծագործությունները:
Իբրև հայ-գերմանական մշակութային կամուրջ՝ ծրագրում ընդգրկել էինք նաև Կոմիտասի՝ գերմանացի պոետ Յ. Շտուրմի բանաստեղծության հիման վրա գրված «Եկ, գիշեր» երգը և Ռ. Մելիքյանի հանրահայտ «Վարդը» ռոմանսը՝ Վ. Գյոթեի տեքստով: Հնչեց նաև հատուկ այս համերգի համար գրված իմ «Որպես լեռների շուշան» ռոմանսը՝ ըստ Հ. Հայնեի բանաստեղծության (թարգմանությունը՝ Վահան Տերյանի): Այն նվիրել եմ մայրիկիս՝ թարգմանիչ Անահիտ Խաչատրյանին, ում ամենասիրելի բանաստեղծություններից է Հայնեի այս ստեղծագործությունը: Իմ այս ռոմանսը գրված է որպես աղոթք առ Աստված, որ Աստված պահե բոլոր մայրերին:
Կատարեցինք նաև Բախ-Գունոյի Աստվածամորն ուղղված աղոթքը՝ «Ավե Մարիա»-ն:
Երախտապարտ ենք Գերմանիո Հայոց Առաջնորդությանը, Սրբազան Հայր Սերովբե Իսախանյանին այս գեղեցիկ համերգի հրավերի և կազմակերպման համար, համերգ, որը նորոգեց Անուշի հետ մեր երկարամյա համագործակցությունը:
– Տարին հարուստ էր նաև Ձեր մանկավարժական ձեռքբերումներով: Դուք դասավանդում եք Երևանի մի քանի երաժշտական ուսումնական հաստատություններում: Ձեր աշակերտներից մեկն այս տարի դարձավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակակիր…
– Ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ կոմպոզիցիայի ամենամեծ համահավաք դասարանը: Դասավանդում եմ Երևանի Սայաթ-Նովայի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Պարոնյան երաժշտական դպրոցում, ինչպեսև Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: Այս տարի ունեցա երեք դասարանական համերգ՝ երկուսը՝ Արամ Խաչատրյանի, մեկը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, որին մասնակցեցին տարբեր ուսումնական հաստատություններ ներկայացնող իմ կոմպոզիցիայի դասարանի աշակերտները՝ Արտաշես Մոսիկյանը, Հայկ Ջուլհակյանը, Գրիգոր Խաչատուրյանը, Արթուր Գրիգորյանը, Լիանա Մազմանյանը, Նատալի Եղիազարյանը, Նարեկ Դանիել Շուբինը, Սերոբ Գորոյանը, Հրաչյա Ղազարյանը և Արամ Թադևոսյանը: Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած վերջին համերգին սաներս ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ ոգեշնչված բնությամբ: Ուրախ եմ, որ աշակերտներիցս շատերը տարբեր մրցույթների և փառատոների մասնակից են, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի կրկնակի և եռակի մրցանակակիրներ, իսկ այս տարի իմ սանը՝ Հայկ Ջուլհակյանը, արժանացավ մրցույթի առաջին մրցանակին՝ կրտսեր խմբում:
«Առավոտին» տված հարցազրույցներիցս մեկում առիթ եմ ունեցել նշելու, որ կոմպոզիցիա սկսել եմ լայնորեն դասավանդել 2020 թ. Արցախյան պատերազմից հետո՝ ապագայի հանդեպ հույս գտնելով մեր շնորհալի և պայծառ երեխաների մեջ: Ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել նրանց բացահայտել իրենց աստվածատուր ստեղծագործական շնորհը… Հույս ունեմ, որ անկախ իրենց ընտրած մասնագիտական ուղուց՝ ստեղծագործական աշխատանքը կօգնի սաներիս լինել լավ մարդ, ունենալ ինքնուրույն մտածողություն և դառնալ հայրենիքի համար պիտանի մասնագետներ:
«Առավոտ» օրաթերթ
25.12.2024