Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինստիտուտները կայացվածության որոշակի աստիճան ունեին

Դեկտեմբեր 26,2024 13:00

«Գիտական Արցախ» պարբերականը լույս է տեսնում 2018 թվականից, տարեկան չորս անգամ: Պարբերականն ընդգրկված է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ-ի սահմանած դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների, հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում, ինչպես նաեւ ՀԼծՃ գիտատեղեկատվական շտեմարանում:

«Առավոտի» զրուցակիցն է պարբերականի գլխավոր խմբագիր, 50-ից ավելի գիտական հոդվածների, մենագրությունների (2), ուսումնական ձեռնարկների (2) հեղինակ, «ԱՎԵՅՈՒՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Ավետիք Հարությունյանը:

– Կուզեի ներկայանայիք, երբվանից եք Երեւանում, ինչ գործունեություն էիք ծավալել Արցախում, այսօր արդեն՝ Հայաստանում:

– Ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, մանկավարժների ընտանիքում:

Գիտության բնագավառում առաջին քայլերն արել եմ, երբ 2006 թ. դեկտեմբերի սկզբին գիտաժողով կազմակերպվեց, մասնակցեցի ու առաջին մրցանակային տեղը զբաղեցրեցի եւ այդ օրերին՝ ԼՂՀ սահմանադրության ընդունումից առաջ, իմ նախաձեռնությամբ ու մասնակցությամբ քարոզչություն իրականացրեցինք Արցախի շրջաններում, որպեսզի ազգաբնակչությունը գիտակցաբար մասնակցեր սահմանադրության հանրաքվեին եւ գիտակցված քվեարկեր փաստաթղթի օգտին: պետք է ընդունվեր («ԼՂՀ սահմանադրության քարոզչություն» ծրագրի շրջանակներում-Ռ.Մ.):

Դա անկյունաքարային դարձավ ինձ համար: Բանակում ծառայելուց, բուհն ավարտելուց հետո (Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը), գերազանցությամբ պաշտպանել եմ մագիստրոսական թեզը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 2012-2013թթ. սովորել եմ ԱրՊՀ ասպիրանտուրայում, պաշտպանել «ԼՂՀ սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները եւ սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» վերտառությամբ ատենախոսությունը՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իմ գիտական ղեկավարն էր ՀՀ ՍԴ նախկին նախագահ, ի.գ.դ պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:

Աշխատել եմ ԼՂՀ նախագահի աշխատակազմում, ԱԽ աշխատանքների ապահովման բաժնի վարիչ, դասավանդել եմ Արցախի պետական համալսարանում, Մեսրոպ Մաշտոց համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, իսկ 2022թ.-ից՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

2015 թ. հունվարի 13-ին ի.գ.թ. դոցենտ Սիրանուշ Պետիկյանի հետ հիմնադրել ենք «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը:

ԱԵԳՄՄ-ի նախաձեռնությամբ 2016-2019 թթ. եւ 2021թ. Ստեփանակերտում կազմակերպել ենք 5 միջազգային գիտաժողովներ, որոնց ընդհանուր թվով մասնակցել են աշխարհի ավելի քան 15 երկրների 510 մասնակիցներ: 2016-2017թթ. գիտաժողովների նյութերը տպագրել ենք ժողովածուի տեսքով, իսկ 2018 թ. պարբերական հիմնելու գաղափարով կիսվել եմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով մեծ ոգեւորությամբ իր պատրաստակամությունը հայտնեց նպաստելու այդ գաղափարի իրականացմանը: «Գիտական Արցախ» պարբերականի նախաձեռնողն ու հրատարակիչը ԱԵԳՄՄ-ն է, իսկ հիմնադիրը՝ ԵՊՀ-ն է: Պարբերականը եզակի է այն իմաստով, որ ընդգրկված է նաեւ ռուսական շտեմարաններում:

2016 -2017-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարն էի:

2020 թվի չարաբաստիկ պատերազմից հետո ընտանիքով հարկադրված տեղափոխվել ենք Երեւան, 2021-ին՝ հոբելյանական հինգերորդ գիտաժողովը կազմակերպել ենք Ստեփանակերտում, կապը մշտապես եղել է Արցախի հետ, ծնողներս ու հարազատներս Արցախում էին ապրում մինչեւ 2023թ. սեպտեմբերը: «Գիտական Արցախի» հոբելյանական 10-րդ համարի շնորհանդեսն էլ Ստեփանակերտում ենք կազմակերպել: Մինչ օրս շարունակում ենք «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակումը:

– Խմբագրական կազմը արցախցինե՞ր են:

– Աշխարհի ավելի քան տասը երկրներից դոկտոր-պրոֆեսորներ կան՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Իսպանիա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա…

Մեր հայտնի նախագծերից մեկը, որը գործում է 2018 թ.-ից, Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքն է (www.artsakhlib.am ), մշտապես նյութերով ենք համալրում:

Վերջերս Strive ծրագրի շրջանակներում նոթբուքեր, թվայնացման տեխնիկա ենք ձեռք բերել եւ կայքը համալրում ենք նոր նյութերով: Մինչ այդ սոցհարցումներ ենք իրականացրել համալսարանականների շրջաններում (ուսանող, դասախոս), գնահատելու կարիքները եւ հասկանալու կայքն ինչ նյութերով համալրենք, պահպանելով դրանց հեղինակային իրավունքը: Այս պահին կարող եմ ասել, որ սա երկրորդ խոշոր նախագիծն է, եզակի պաշար ունի, Արցախի վերաբերյալ բացառիկ հրապարակումներ կան:

– Ի վերջո, Արցախ պետությունը չկա, պետությունը կա միայն գիտական ամսագրերում ու մարդկանց ներկայությունով, հիշողություններով: Այս պահին դժվարությունները որոնք են, փոխվել է կարգավիճակը:

– Նախ, Արցախի տարածքն է միայն բռնազավթված թշնամիների կողմից, մնացած ինստիտուտները գործում են որոշ չափով: Պարբերականի մասով ասեմ՝ երբեք մենք պետությունից կախված չենք եղել, միշտ փորձել ենք բարերարների միջոցով իրականացնել մեր նախագծերը, «Գիտական Արցախը» ինքնաֆինասավորվող պարբերական է:

Հանդիպումներ ունենում ենք Արցախի ներկայացուցչությունում, մեր պատրաստակամությունն ենք հայտնում օգտակար լինելու Արցախի պետական մարմիններին, մասնագիտական գիտելիքներով ու փորձով:

– Որպես իրավաբան, Արցախի սահմանադրության բարեփոխումների մասնակից, կանխատեսելի՞ էր այդ ժամանակ այս իրավիճակը, եւ սահմանադրությունը պաշտպանվա՞ծ էր, ունե՞ր մեխանիզմներ անվտանգությունը պաշտպանելու:

– Նա, ով ծնվել, ապրել է Արցախում, երբեւէ մտքով չէր անցնի, որ կարող էր Արցախից դուրս այլ տեղում ապրելու անհրաժեշտություն լինել, երբ ստիպված ես Արցախից դուրս ապրել, պատկերացումներից դուրս էր: Մեր Սահմանադրությունը ինքնաբավ էր: Ըստ Սահմանադրության, երկրի նախագահը ինքնուրույն չէր իրականացնում երկրի տարածքային ամբողջականության ապահովումը, կային կառույցներ՝ բանակ, ուժային կառույցներ, որոնք իրականացրել են երկրի պաշտպանությունը: Չեմ ուզում անդրադառնալ պատերազմը ոնց է եղել, ովքեր են մեղավորները, կան բացահայտ բաներ, միշտ չէ, որ անհրաժեշտ է դրա մասին արտահայտել: Այն մեծ քանակությամբ զենքը, զինամթերքը, վարձկանները, որոնք հարձակվել են Արցախի վրա, միայնակ հնարավոր չէր դիմագրավել դրանց ու լիարժեքորեն 12 հազար քմ-ն:

Նշենք նաեւ, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր:

Սահմանադրությամբ պետություն չեն պահում, սահմանադրությունն այն անձնագիրն է՝ փաստաթուղթը, որտեղ նշված է մի կողմից այն, ինչը հիմք է հանդիսացել սահմանադրությունը հռչակելու համար, եւ՝ փաստացի վիճակը. ինչ ունենք, ինչի ենք ձգտում, գրված էր. «ԱՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, իշխանությունը պատկանում էր ժողովրդին, իշխանությունը բաժանված է օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների միջեւ»:

– Պարոն Հարությունյան, մի գիրք տեսա ձեր սեղանին, ձեր ուսուցի՞չն է ակադեմիկոս, երջանկահիշատակ Վլադիկ Ներսեսյանցը: Նրա մասին առաջին անգամ լսել եմ Գեւորգ Դանիելյանից, որը բացառիկ դեր էր վերագրում նրան:

– Իմ գիտական ուսուցիչը եղել եւ մնում է ՍԴ նախագահ Գ.Հարությունյանը:

Բայց ակադեմիկոս Ներսեսյանցն այն բացառիկ գիտնականն է, ով ոգեշնչման աղբյուր է շատ գիտնականների համար: Մի փոքրիկ գաղտնիք բացեմ. Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է Ստեփանակերտում:

Այս գիրքը Ներսեսյանցի կինն է մակագրել՝ Վալենտինա Լապաեւան, ի.գ.դ պրոֆեսոր է, իրավունքի սոցիոլոգիայի մասնագետ: Մոսկվայում եմ ծանոթացել նրա հետ, նաեւ առաջին անգամ ասել եմ, որ ուզում եմ նրա գիրքը թարգմանել: Ներսեսյանց թարգմանելը եւ հաճույք է, եւ պատասխանատվություն, միեւնույն ժամանակ՝ բարդ:

Ներսեսյանցի գաղափարախոսությունը մեծ ազդեցություն ունի:

Նա դոկտորական է պաշտպանել Հեգելի մասին: Իրավունքի եւ օրենքի հարաբերակցության մասին խորը մտքեր ունի, բազմաշերտ գիտնական է, եւ բարեբախտություն է, երբ կարողանում ես տեքստին հաղորդակից լինել:

– Ինչպես ես հասցնում:

– Օրվա ու շաբաթվա անելիքներս պլանավորում եմ, դրան մեծ տեղ եմ հատկացնում, ժամանակս եմ ճիշտ կառավարում, որ սահմանափակ ժամանակում ավելի շատ արդյունավետ գործեր անեմ: Ոչ մեկս հավերժական կյանք չենք ունենալու, բայց պետք է մեր գիտակցական կյանքում մնայուն արժեքներ թողնենք:

Զրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031